Արմինֆո. Մերձավոր Արևելքում սրվող լարվածության կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը միջոցներ է ձեռնարկել դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության ուժեղացման ուղղությամբ։ Դեսպանատունը հայերենով, անգլերենով և պարսկերենով հաղորդագրություն է տարածել, որում այցելուներին տեղեկացրել է անվտանգության միջոցների խստացման մասին:
Երևանում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժինը ԱՄՆ մուտքի արտոնագրի
դիմորդներին տեղեկացրել է դեսպանության տարածք մուտք գործելու ընթացակարգերում
տեղի ունեցած փոփոխությունների մասին։<Անձնական մեծ չափսերի պայուսակներն այլևս թույլատրելի չեն։ ԱՄՆ դեսպանատուն մուտք գործելիս ձեզ հետ կարող եք ունենալ միայն ձեռքի փոքր պայուսակ։ Ավելի մեծ իրեր ունենալու դեպքում ձեզ թույլ չեն տա մուտք գործել դեսպանատուն և դուք չեք կարողանա ձեր իրերը թողնել անվտանգության աշխատակիցների մոտ կամ բլրի վրա գտնվող անվտանգության կրպակում։ Խնդրում ենք ձեր այցը պլանավորել այնպես, որպեսզի մենք կարողանանք մեր ծառայությունները մատուցել ըստ պատշաճի>,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Հայաստանի որոշ ԶԼՄ-ներում սխալ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ԱՄՆ դեսպանատունն իբր կասեցնում է վիզաների տրամադրումը։ Դեսպանատունը, ինչպես եւ հյուպատոսական ծառայությունը, աշխատում են սովորական ռեժիմով։