Արմինֆո. Արարատի մարզի Ռանչպար համայնքում մանկապարտեզ է բացվել։ Բացման պաշտոնական արարողությանը ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ ս.թ. մարտի 16-ին չնախատեսված այց էր կատարել Ռանչպար, և գյուղի բնակիչները բարձրացրել էին նոր մանկապարտեզի կառուցման հարցը։
"Կառավարությունը մտածել է հարցի շուրջ, եւ հենց այդ ժամանակ մեզ է դիմել ռուսաստանաբնակ գործարար Մամիկոն Կարապետյանը",- նշել է Փաշինյանը: Պարզվել է, որ Կարապետյանը մոդուլային շինությունների գործարան ունի եւ պատրաստ է համապատասխան նախագիծ իրականացնել Հայաստանում, ընդ որում ՝ անվճար։ Ընկերությունը մասնագիտացած է հիվանդանոցների, մանկապարտեզների և դպրոցների կառուցման գործում։ Վարչապետի հետ հանդիպումը կայացել է օգոստոսի 26-ին, շինարարությունը մեկնարկել է սեպտեմբերի 16-ին եւ ավարտվել դեկտեմբերի 1-ին:
Ինչպես նշել է վարչապետը, նախագիծը նաեւ պիլոտային բնույթ է կրում ՝ հասկանալ, թե շինարարության այս մոդելը որքանով է կիրառելի Հայաստանում: Կառավարության պատվիրակությունը վարչապետի գլխավորությամբ եղել է մանկապարտեզի ներսում, շրջել սենյակներով եւ ծանոթացել կատարված աշխատանքներին: