Արմինֆո.Հայաստանը չկարողացավ օգտվել ռուս-վրացական հարաբերությունների սրման հետեւանքով առաջացած՝ զբոսաշրջիկների ներգրավման լրացուցիչ հնարավորություններից, Երեւանում ռուսական գաստրոնոմիական շաբաթվա շրջանակներում կլոր սեղանի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի ռեստորանների եւ հյուրանոցների ֆեդերացիայի ղեկավար Իգոր Բուխարովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել ռուսական ավիաընկերությունների կողմից հուլիսի 8-ից Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ուղիղ չվերթներ իրականացնելու ժամանակավոր արգելքի մասին: Հրամանագիրն արձագանք է դարձել Թբիլիսիում հակառուսական բողոքներին՝ ռուս պատգամավորների պատվիրակության Վրաստան այցի կապակցությամբ:
Բուխարովի կարծիքով, վերոնշյալ կոնֆլիկտի հետ կապված, հայկական կողմը միանգամայն կարող էր կոնկրետ քայլեր ձեռնարկել զբոսաշրջային հոսքն իր ձեռքը վերցնելու համար: <Հայաստանը համեղ խոհանոց, լավ գինիներ ունի: Դուք կարող եք դա ավելի ակտիվորեն օգտագործել՝ լրացուցիչ զբոսաշրջիկներ ներգրավելու նպատակով: Շատ ցավալի է, որ Հայաստանը չօգտվեց դրանից ՝ սահմանափակվելով ռուսական և վրացական ուղղություններով ավիաթռիչքների ակտիվացման հարցում օժանդակությամբ>, - ընդգծել է նա ։
Ընդ որում, ինչպես նշել է Բուխարովը, ի տարբերություն Հայաստանի, նախկին ԽՍՀՄ մյուս երկրները որոշել են անել հնարավոր ամեն ինչ ռուս-վրացական հարաբերությունների սրման լույսի ներքո զբոսաշրջիկների լրացուցիչ հոսքի ներգրավման ուղղությամբ: Որպես օրինակ՝ նա նշել է Ուզբեկստանի ակտիվ աշխատանքն այդ ուղղությամբ։ Բացի այդ, ակտիվացում է նկատվում նաև Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ղազախստանի կողմից ։
<Անհրաժեշտ է առաջ մղել սեփական խոհանոցը, արտադրանքը, գինին, իսկ այդ գործում միայն մասնավոր հատվածի ջանքերը բավարար չեն ։ Այդ քաղաքականությունը պետք է իրականացվի պետական մակարդակով ՝ ներգրավելով զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտի համար պատասխանատու նախարարություններին և գերատեսչություններին>, - հայտարարել է փորձագետը ։