Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տարօրինակ է համարում Ռուսաստանի Արմավիր քաղաքում Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման պատմությունը:
Դեկտեմբերի 2-ին մամլո ասուլիսում վերը նշված միջադեպի վերաբերյալ ԱԳՆ դիրքորոշումը հայտնելու Արմինֆոյի խնդրանքին ի պատասխան՝ Մնացականյանը նշել է, որ Արմավիրի հայ համայնքը հանդես է եկել հաղորդագրությամբ այն մասին, որ ցուցանակն ապամոնտաժվել է վերանորոգման աշխատանքների առնչությամբ:
Զոհրաբ Մնացականյանի գնահատմամբ ՝ այս պահին այդ ամենը տարօրինակ պատմություն է թվում, և մեկնաբանության համար անհրաժեշտ է ավելի ամբողջական տեղեկատվություն: "Հայկական կողմն աշխատում է տեղեկատվություն ստանալու ուղղությամբ։ Կցանկանայի նշել, որ ցուցանակը տեղադրվել է հայկական եկեղեցու տարածքում։ Իսկ պետությունը և եկեղեցին բաժանված են։ Զգուշություն կցուցաբերեմ մեկնաբանություններում։ Չէի ցանկանա, որ հարցը զարգացում ստանա կրոնական փոքրամասնությունների իրավունքների խախտման համատեքստում", - եզրափակել է ԱԳ նախարարը։
Ավելի վաղ Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման մասին տեղեկություն էր հայտնվել լրատվամիջոցներում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Արմինֆոն, վանդալիզմի ակտն արձանագրվել է Արմավիրում գտնվող հայկական տաճարի տարածքում՝ նոյեմբերի 12-ին: Մասնավորապես, ՌԴ Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներթափանցել էր տաճարի տարածք եւ սեւ ներկով ներկել Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշատախտակը: Միջադեպի կապակցությամբ հայտարարությամբ հանդես էր եկել ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, որում ընդգծվում էր նման գործողությունների անընդունելիությունը, որոնք չեն համապատասխանում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ոգուն: Ինչպես Վինոգրադովը բացատրել էր ռուսական լրատվամիջոցներին, այդ քայլին նա դիմել էր, քանի որ նոյեմբերի 11-ին լրացել է երկշաբաթյա ժամկետը, որի ընթացքում երկրամասային եւ տեղական իշխանությունները, ինչպես նաեւ "Ռուսաստանի հայերի միության" տեղական բաժանմունքի ներկայացուցիչները խոստացել էին ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը: Ավելի վաղ պատգամավոր Վինոգրադովը բազմիցս հայտարարել էր, որ տախտակի ապամոնտաժման մասին խոստումները չկատարելու դեպքում ինքն ինքնուրույն կլուծի այդ հարցը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը խոստացել էր ջանքեր գործադրել Ռուսական Արմավիրում Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման համար: Այս մասին նա հայտարարել էր ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ։ "Ես մտադիր եմ անձամբ զբաղվել այդ հարցի լուծմամբ։ Անձամբ ես հարցումներ կուղարկեմ եւ կփորձեմ ապամոնտաժել"- նշել էր Կալաշնիկովը։
Այս հարցը սրվել է Աշխաբադում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ Նժդեհի պատճառով առաջացած լեզվակռվի հետեւանքով ։
Արմինֆո. Ռուսաստանի Արմավիր քաղաքում տեղադրված Նժդեհի հուշատախտակն ապամոնտաժվել է: Այս մասին հայտնել է երիցապետ Տեր Մակար ավագ քահանա Տերտերյանը:
Արմինֆո. Տարօրինակ կլիներ, եթե Ռուսաստանի հետ հանձնաժողով ստեղծեինք՝ ուսումնասիրելու մեր սեփական պատմությունը, ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե միգուցե ստեղծվի պատմաբանների, հասարակական գործիչների, քաղաքագետների համատեղ հանձնաժողով, որը խորը, համապարփակ, երկկողմանի կվերլուծի Գարեգին Նժդեհին վերաբերող հարցը: