Արմինֆո. Եվրաինտեգրումից հրաժարվելու մասին Իլհամ Ալիեւի հայտարարությունը Ռուսաստանին հղված ուղերձ է, կարծում է ադրբեջանցի քաղաքագետ Հիքմեթ Հաջիզադեն:
Հիշեցնենք, որ Բաքվում կառավարության խորհրդակցության ժամանակԱլիևը հայտարարել էր. "Հոգևոր ճգնաժամը, տնտեսական ճգնաժամն իրականություն են դարձել Եվրոպայում, ինչը մեզ ստիպում է մտածել, թե Ադրբեջանն ինչ աստիճանով պետք է ինտեգրվի եվրոպական կառույցներին": Նա պաշտոնյաներին, պատգամավորներին եւ հասարակությանը կոչ էր արել դադարեցնել եվրովեկտորի անշրջելիության մասին պնդումները։ "Մտածեք, թե ինչ կարգավիճակով են Ադրբեջանը ցանկանում ընդունել այնտեղ։ Որպես երկրորդական անդամ, որպես կողմնակի երկիր":
Ինչպես հաղորդում է Turan լրատվական գործակալությունը, Հաջիզադեն այդ հայտարարությունը գնահատել է որպես "ողբերգական": "Նախ, Ադրբեջանի բոլոր սահմանադրական փաստաթղթերում արտացոլված է եվրաինտեգրման գիծը։ Ադրբեջանի ազգային անվտանգության հայեցակարգում նշված է եվրաինտեգրման գերակայությունը։ Այդ փաստաթուղթն ընդունվել է խորհրդարանի կողմից։ Իսկ նախագահի ելույթը հակասում է դրան։ Այն, պարզապես, զարմացնում է", - ասել է քաղաքագետ Հիքմեթ Հաջիզադեն։
Նա դժվարացել է միանշանակ խոսել Ալիևի հայտարարության դրդապատճառների մասին։ Սակայն, քաղաքագետը հակված է կարծելու, որ դա Ռուսաստանին հղված ուղերձ է։ "Հավանաբար, Բաքվում ցանկանում են ցույց տալ, որ մենք չենք գնա այն կողմը (Եվրոպա): Մենք ձեզ հետ ենք։ Վերադարձրեք մեզ Ղարաբաղը", - ասել է Հաջիզադեն։
Հենց դրան են ծառայում նաև վերջին շրջանում Ալիևի մեղադրական հայտարարությունները Ժողովրդական ճակատի և "Մուսավաթի" հասցեին։ "Դա ուղերձ է առ այն, որ "մենք թույլ չենք տա զարգանալ արեւմտամետ ուժերին", - կարծում է Հաջիզադեն:
Քաղաքագետ Գաբիլ Հուսեյնլին այլ կարծիք է հայտնել։ Նա կարծում է, որ Ադրբեջանը չի շտապում ստորագրել ԵՄ-ի հետ գործընկերության նոր համաձայնագիրը, քանի որ դրանում ԵՄ-ն միանշանակ աջակցություն չի հայտնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Միևնույն ժամանակ, քաղաքագետը Ի.Ալիևի հայտարարության մեջ տեսնում է ուղերձներ, որոնք վկայում են օրերս առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի' ՌԴ կատարած այցի հաջողության մասին: Հուսեյնլին նշել է, որ Ռուսաստանը միանշանակ դեմ է հանդես գալիս ՆԱՏՕ-ի հետ տարածաշրջանի երկրների համագործակցությանը: Նրա կարծիքով, Բաքուն, հավանաբար,լ Ռուսաստանի հետ գործընկերությունը խորացնելու գիծ է որդեգրել։
Միևնույն ժամանակ, քաղաքագետի կարծիքով, Ադրբեջանի իշխանությունները, հաշվի առնելով տարածաշրջանային հարցերի վրա ազդելու Ռուսաստանի անսահման հնարավորությունները, ձգտում են այն չեզոքացնել Ղարաբաղյան հարցում։
Փորձագետը, միաժամանակ, ուշադրություն հրավիրելով նախօրեին ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի եւ ՆԱՏՕ-ի կոմիտեի նախագահի հանդիպման անցկացմանը Բաքվում, մատնանշել է Ադրբեջանի քաղաքական մանեւրումը ուժի համաշխարհային կենտրոնների միջեւ: "Ադրբեջանը դեռ ղարաբաղյան հարցում չի կարող միանշանակ աջակցություն ստանալ ոչ Արևմուտքից, ոչ էլ Ռուսաստանից։ Սակայն, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը համարում է առավել բարենպաստ տարածություն, եւ այդ պատճառով Ադրբեջանն ավելացնում է իր ջանքերն այդ ուղղությամբ", - ասել է Հուսեյնլին: