Arminfo.info





 Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2019 10:16
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ վարչապետ. պետք է սկսել այնպիսի նախաձեռնություններ, որոնք կնպաստեն Հայաստանի և Ղրղզստանի միջև տնտեսական կապերի խթանմանը

ՀՀ վարչապետ. պետք է սկսել այնպիսի նախաձեռնություններ, որոնք կնպաստեն Հայաստանի և Ղրղզստանի միջև տնտեսական կապերի խթանմանը

Արմինֆո. Աշխատանքային այցով Բիշքեկում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ: Ողջունելով վարչապետին Բիշքեկում` Սոորոնբայ Ժեենբեկովը նշել է, որ այսօրվա հանդիպումը լավ առիթ է քննարկելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ կապերի զարգացման հեռանկարները: 

 

«Պարոն վարչապետ, ՀԱՊԿ-ում մեր նախագահության ընթացքում մենք ներդրել ենք բոլոր ջանքերը` կազմակերպության հետագա զարգացման ուղղությամբ: Մենք շահագրգռված ենք միասնական ջանքերով դիմագրավելու բոլոր հնարավոր մարտահրավերներին, ինչպես նաև զարգացնելու հարաբերությունները բարեկամ Հայաստանի հետ»,- ասել է Ղրղզստանի նախագահը:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ երկկողմ քաղաքական հարաբերություններն ունեն երկար տարիների պատմություն ու կառավարությունները պետք է քայլեր ձեռնարկեն զարգացնելու նաև տնտեսական համագործակցությունը: «Մենք ունենք հնարավորություն նոր թափ հաղորդելու առևտրատնտեսական կապերին, դրա համար առկա է անհրաժեշտ ներուժ: 21-րդ դարում աշխարհագրական հեռավարությունը խնդիր չէ, պետք է սկսել այնպիսի նախաձեռնություններ, որոնք կնպաստեն երկու երկրների միջև տնտեսական կապերի խթանմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետը, անդրադառնալով Ղրղզստանում առկա ներքաղաքական վիճակին, նշել է, որ ուրախ է իրավիճակի կայունացման ու կարգավորման կապակցությամբ:

«Մենք սերտորեն համագործակցում ենք ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի շրջանակում, ինչը ստեղծում է լավ հնարավորություն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

 

Առանձնազրույցի ընթացքում ՀՀ վարչապետը և Ղրղզստանի նախագահը քննարկել են հայ-ղրղզական հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր, կարևորել տնտեսական փոխգործակցության ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը, գործարար կապերի ընդլայնումը:

 

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ինտեգրացիոն միավորումների շրջանակում համագործակցության վերաբերյալ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի