Արմինֆո. ՙՊատրաստ ենք վերահաստատել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի՚, - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Corriere della Sera» թերթի հետ հարցազրույցում:
Պատասխանելով Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերսկսելու հնարավորության վերաբերյալ հարցին՝ Հայաստանի վարչապետը հայտարարել է. ՙՄենք ասել ենք, և ես կրկնում եմ, որ պատրաստ ենք վերահաստատել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մենք չենք համարում Թուրքիայի հետ մեր հարաբերությունների համար նախապայման: Այդ ճանաչումը շատ կարևոր գործընթաց է, որն անհրաժեշտ է ոչ թե իրենց հետ մեր հարաբերությունների համար, այլ, ինչպես ասացի, ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման համար՚: Նիկոլ Փաշինյանը նաև իր երախտիքն է հայտնել Իտալիայի Պատգամավորների պալատին` Հայոց ցեղասպանությունը որպես այդպիսին ճանաչելու համար:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևին առնչվող հարցին՝ Նիկոլ Փաինյանն ասել է. ՙԴա շատ կարևոր է: Այն կօգնի կանխել հնարավոր հետագա ցեղասպանությունները: Ավելին, նման որոշումները փոխում են մթնոլորտը մեր տարածաշրջանում: Դրանք ուղերձներ են առ այն, որ նման ագրեսիվ քաղաքականությունը չի ընդունվելու միջազգային հանրության կողմից: Դժբախտաբար, ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց Թուրքիան հայերի կողմից դեռևս ընկալվում է որպես մեր անվտանգության համար հնարավոր սպառնալիք՚: Վարչապետը հիշեցրել է, որ մոտ 30 տարի մեր սահմանը փակ է՝ թուրքական կողմից, ոչ թե մեր կողմից: Հայկական կողմից այն բաց է: