Արմինֆո. Վերջին երկու ամսում Հայաստանում հավաքվել է ավտոմեքենաների շուրջ 11 հազար հնամաշ թափք: Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՙՄաքրենք Հայաստանը աղբից՚, - հավելել է վարչապետը:
Նշենք, որ Հայաստանը դարձել է հին ավտոմեքենաների յուրօրինակ "գերեզմանատուն" ։ Եթե 2015-2020 թթ. Հայաստանում մեքենաների մաքսատուրքը մնացել է 10 տոկոսի մակարդակում ՝ անկախ շարժիչի տարիքից եւ ծավալից, ապա 2020 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների համար մաքսատուրքերը կհամապատասխանեն միության միասնական մաքսային տուրքերին: Արդյունքում՝ ավտոմեքենաների մաքսազերծումը մի քանի անգամ կաճի։ Այս կապակցությամբ շատերը փորձում են հասցնել օգտվել ԵԱՏՄ "պատուհանից" և գումար վաստակել։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը, 2020 թվականից ԵԱՏՄ կարգավորումներն ուժի մեջ մտնելուց հետո, բյուջեի եկամուտները միայն այդ ոլորտում կնվազեն 50-52 մլրդ դրամով: Թե որքան կարժենա հին մեքենաների մետաղական թափքի ուտիլիզացումը, պաշտոնատար անձինք լռում են։
Այսպես, եթե 2016 թվին Հայաստան է ներկրվել մոտ 17 հազար մեքենա, ապա 2017-ին ՝ արդեն 39 հազար, իսկ 2018 - ին՝ 67 հազար։ Այս տարվա առաջին կիսամյակում երկիր է ներկրվել 53 հազար մեքենա։ Ինչ վերաբերում է դրանց արժեքին, ապա այս տարվա առաջին կիսամյակում ներմուծված ավտոմեքենաների ընդհանուր (մաքսային) արժեքը կազմել է 139 մլն դոլար։ Նախորդ տարվա ցուցանիշի համեմատ դա 32 մլն դոլարով կամ 29.5%-ով ավելի է։ Ստացվում է, որ ավտոմեքենաների ներմուծման ցուցանիշներն ավելի արագ են աճել, քան դրանց արժեքը, ինչը վկայում է այն մասին, որ ՀՀ սկսել են ներմուծել ավելի էժան ավտոմեքենաներ։ Եթե 2018 թվականի առաջին կիսամյակում մեկ ավտոմեքենայի մաքսային միջին արժեքը կազմել է մոտ 4.1 հազար դոլար, ապա այս տարվա առաջին կիսամյակում ՝ 2.6 հազար դոլար: