Արմինֆո.Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունել է ԱՄՆ-ի կողմից 2019 ֆինանսական տարում Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնության ավելացումը:
Ըստ ANCA-ի հաղորդագրության, որը տրամադրվել է ԱրմԻնֆո-ին, նրանք նաեւ դեսպանատնից մանրամասն տեղեկատվություն են խնդրել ճյուղային ֆինանսավորման վերաբերյալ, որպեսզի որոշեն, թե արդյոք պաշտպանական ոլորտում հավասարությունը պահպանվել է Հայաստանին եւ Ադրբեջանին աջակցությունը բաշխելիս:
"Մենք ողջունում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հայտարարությունն այն մասին, որ 2019 ֆինանսական տարվա համար Հայաստանին տրամադրվող օգնությունը կգերազանցի 60 միլիոն դոլարը, ինչը, նրա խոսքով, 40 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի: Մենք անհամբերությամբ սպասում ենք, որ ԱՄՆ դեսպանատունը հրապարակավ մանրամասն վերլուծություն կտրամադրի ֆինանսական տարիների, հաստատությունների, գործունեության ոլորտների եւ կոնկրետ ծրագրերի վերաբերյալ ՝ հատուկ շեշտադրմամբ, թե արդյոք ԱՄՆ պաշտպանության նախարարության օգնությունը Հայաստանին համընկնում է Ադրբեջանի նույն բնագավառի ծախսերի հետ", - ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Նախօրեին ԱՄՆ դեսպանությունը հաղորդել է, որ 2019թ․ ընթացքում ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին շարունակել է ավելանալ։ Այս տարի այն կազմել է 60 միլիոն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա համեմատ 40 տոկոսով ավելի է։
Այս ֆինանսավորումն ԱՄՆ պետքարտուղարության ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից տնօրինվող ծրագրերից զատ, ներառում է նաև ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի, ԱՄՆ անտառային ծառայության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ծրագրերը։ ԱՄՆ կառավարությունն այս միջոցներով աջակցել է Հայաստանում ժողովրդավարական զարգացման խթանմանը շատուշատ ուղղություններով, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքար, անվտանգություն, էներգետիկա, կրթություն, անգլերենի ուսուցում, անտառային ծառայություններ, մարդու իրավունքներ, քաղաքացիական հասարակություն, և պետական կառավարման թափանցիկ ու հաշվետու հաստատությունների ամրապնդում, այդ թվում՝ իրավապահ, արդարադատության և դատաիրավական ոլորտներում։
«Միացյալ Նահանգները վերջին 27 տարիներին աջակցել է Հայաստանի ժողովրդավարական գործընթացների և հաստատությունների զարգացմանը, և մենք մտադիր չենք փոխել դա հատկապես այժմ, երբ ժողովրդավարությունն, առավել քան երբևէ, ամուր է Հայաստանում։ Հենց այս պատճառով էլ հպարտությամբ փաստում ենք, որ այս տարի աջակցությունը կազմում է ավելի քան 60 միլիոն ԱՄՆ դոլար», - նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։