Արմինֆո.Նոյեմբերի 1-ին, մոտավորապես ժամը 06:00-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգու տարածքում գրանցվել է թափառող շների ներթափանցման երկրորդ դեպքը: Ինչպես հաղորդել է Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը, ոհմակը հարձակվել է այգում պահվող թվով 3 մուֆլոնների (2 արու, 1 էգ) վրա: Գրանցվել է կենդանիների անկում:
Շներին բռնել չի հաջողվել: Երևանի կենդանաբանական այգու անձնակազմի կարծիքով այգի մուտք գործած ոհմակը, ամենայն հավանականությամբ, նույն ոհմակն է, որ հոկտեմբերի 31-ին հարձակվել էր կենգուրուների վրա: Հիշեցնենք, որ կենգուրուների ազատավանդակից հաջողվել է բռնել նույն ոհմակի 3 ձագերին, որոնք տեղափոխվել են Թափառող շների վնասազերծման ՀՈԱԿ:
ՙԵրևանի կենդանաբանական այգին ահազանգում է Երևան քաղաքի տարածքում չստերջացված և վտանգավոր շների ոհմակի առկայության վտանգավորության մասին, որը նաև հանրային անվտանգության ապահովման հիմնախնդիր է, քանի որ ոհմակ կազմած, արդեն կենդանու որս արած շները վտանգավոր են թե՛ կենդանիների, թե՛ մարդկանց համար: Դիմում ենք պատկան կառույցներին վերոնշյալ շների ոհմակին հրատապ կարգով գտնելու և վնասազերծելու նպատակով՝ հաշվի առնելով խնդրի հրատապությունն ու հանրային անվտանգության ապահովման կարևորությունը:
Հավելենք, որ շների ներթափանցման հետ կապված մարդկային գործոնի բացառման համար դիմել ենք նաև ՀՀ իրավապահ մարմիններին՝ նախաքննություն սկսելու նպատակով՚, – ասվում է հաղորդագրությունում:
Հաշվի առնելով վերը նշված միջադեպերը՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին առաջարկել է աշխատանքից ազատվելու դիմում գրել: Նշվում է, որ առաջարկն ուղարկվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ խորհրդակցելուց հետո:
Հիշեցնենք, որ 2011 թվականից ի վեր սա կենդանաբանական այգու տարածք թափառական շների ներթափանցման արդեն երրորդ դեպքն է, ինչի պատճառով կենդանիները ստանում են լուրջ վնասվածքներ եւ անկում են: Սա պայմանավորված է այգու ամբողջ տարածքում պարսպի բացակայությամբ, ինչը թույլ է տալիս ոչ միայն շների, այլեւ աղվեսների ՙայցելություններ՚ տարաշխարհիկ կենդանիներին: Այս խնդրով արդեն զբաղվում է Երևանի քաղաքապետարանը, և արդեն սկսվել են այգու տարածքի պարսպապատման աշխատանքները՝ կենդանիների անվտանգությունն ապահովելու համար։
Երևանի կենդանաբանական այգում 2014 թվականին սկսվել են վերակառուցման աշխատանքներ՝ Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև մասնավոր կազմակերպությունների և դոնորների աջակցությամբ: Մինչ վերակառուցման աշխատանքների մեկնարկը կենդանաբանական այգու տարածքը 34 հա էր, իսկ թարմացումից հետո ընդլայնվել է 7-ից մինչեւ 16 հեկտարով: Կենդանաբանական այգին ձեռք է բերել լավ միջին ստանդարտ տեսք, կենդանիների ազատավանդակները թարմացվել են, առյուծների, գայլերի, այլ կենդանիների պահպանման համար մեծ գոտիներ են կառուցվել, վերանորոգվել են այցելուների մուտքը, ծառուղիները, տնկվել են բազմաթիվ ծառեր ու թփեր, ամբողջ այգին դարձել է ավելի բարեկարգ եւ կանաչ:
Սակայն տարօրինակ է, որ նման ծավալուն աշխատանքի դեպքում ոչ ոք չի մտածել այգու մշտական բնակիչների անվտանգության ապահովման մասին, և չի կառուցվել պարիսպ։