Արմինֆո. Քրեական գործ է հարուցվել երեխայի ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքի առթիվ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, «Մանկահասակ երեխայի մոտ ՁԻԱՀ է հայտնաբերվել. Նա վարակվել է հիվանդանոցո՞ւմ» վերտառությամբ հրապարակման առնչությամբ նախարարությունը ձեռնարկել է մի շարք քայլեր:
ՙԵրեխայի մոտ կրկնակի հետազոտության արդյունքում հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ: Որոշում է կայացվել ախտորոշման հաստատման նպատակով իրականացնել արյան կրկնակի հետազոտություններ` մի քանի մեթոդներով: Ցավոք, ախտորոշումը հաստատվել է: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ կազմակերպվել է կոնսիլիում` առաջատար մասնագետների ներգրավմամբ, այդ թվում արտերկրից ժամանած, հիվանդության վարման և դեղորայքային բուժմանն աջակցելու նպատակով: Այս պահին երեխայի մոտ դիտվում է դրական շարժընթաց: ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի հանրապետական կանխարգելման կենտրոնի մասնագետների կողմից սկսվել է հակառետրովիրուսյաին բուժումը, ինչի շնորհիվ ներկայումս բավարար արդյունքներ են արձանագրում: Փոքրիկի բուժման գործընթացը գտնվում է առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո: Ինչ վերաբերում է վարակի աղբյուրին կամ պատճառների վերհանմանը, տեղեկացնում ենք, որ դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում: Միաժամանակ, նախարարության կողմից իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն` հասկանալու վարակի փոխանցման հնարավոր աղբյուրները` համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով՚, - ասվում է հաղորդագրությունում: