Արմինֆո. ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հանդես է եկել Սլովակիայի ԱԳ նախարարի՝ Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում հյուրընկալելու հայտարարության վերաբերյալ մեկնաբանությամբ.
<Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ղեկավարների միջև հանդիպումները իրականացվում են միմիայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների միջնորդությամբ:
Իրապես, համանախագահների կողմից արվել է հանդիպում անցկացնելու առաջարկություն, ինչի մասին նշված է ինչպես Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նյույորքյան հանդիպման մեր հաղորդագրությունում, այնպես էլ՝ համանախագահների տարածաշրջան այցելության արդյունքով հաղորդագրությունում:
Նման հանդիպման մասին, ինչպես գիտեք, մենք հայտարարում ենք համաձայնեցված կարգով, և այդ սկզբունքը մենք չենք խախտելու>:
Նշենք, որ նախօրեին ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել էր, որ ԵԱՀԿ-ի գործող նախագահի միջնորդությամբ Բրատիսլավայում մոտ ժամանակներս կանցնի Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Գործող նախագահի խոսքով, նա բարձր է գնահատում նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների կողմից գործադրված ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ. «Այս տարվա ընթացքում մենք դրական նշաններ ենք տեսել, առաջնորդների երկխոսություն, ինչպես նաեւ երկխոսություն նախարարների մակարդակով: Միաժամանակ, գրանցվել են նաեւ մտահոգիչ դրվագներ շփման գծում որոնք հանգեցրեցին մարդկային կորուստների: Սակայն, այժմ իրավիճակը կարծես կայուն է»: