Արմինֆո. Հայաստանում կսահմանափակվի մերսման սրահների գործունեությունը։ ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 24-ի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ փոփոխություններ է կատարել "Առեւտրի եւ ծառայությունների մասին" օրենքում:
Ներկայացված փաստաթղթի հեղինակ, "Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքերով, Հայաստանի մերսման սրահներում մերսման ծառայությունները պետք է մատուցվեն միայն հաճախորդի առողջացման նպատակով: Նրա խոսքով, հաշվի առնելով վերջերս Ազգային ժողովի նիստում խորհրդարանականներից ստացված առաջարկությունները, օրինագծի հեղինակը որոշել է լրացումներ կատարել: Բագրատյանը պարզաբանել է, որ Հայաստանում մերսման ծառայությունները պետք է մատուցվեն միայն բժշկական նպատակներով ։ "Բուժական մերսումն իրականացվում է բացառապես լիցենզավորված մասնագետների եւ հատուկ հաստատությունների կողմից, ինչն արդեն ենթադրում է որոշակի վերահսկողություն", - ընդգծել է Բագրատյանը:
Բացի այդ, պատգամավորն առաջարկում է բացառել մերսման սրահների գործունեությունը բազմահարկ շենքերի բնակելի մասում, կրթական հաստատությունների եւ պատմամշակութային օբյեկտների շենքերում, ինչպես նաեւ համայնքային մարմինների շենքերում:
Ավելի վաղ պատգամավորը հայտարարել էր, որ Երեւանում եւ Հայաստանի այլ խոշոր քաղաքներում գործող մերսման սրահների մեծ մասը չեն ծառայում դրանց ուղղակի նպատակին, այլ "թրաֆիկինգի եւ սեռական շահագործման օջախներ են":