Արմինֆո. Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի նախագահը հայտարարում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի նոր կամպուսի նախագծին 600 000 եվրոյով աջակցելու մտադրության մասին:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՀ մամուլի ծառայությունը, կամպուսի կառուցմանն ուղղված դրամահավաքը վերջերս իրենց բարձր հովանու տակ են առել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը:
Հոկտեմբերի 22-ին, Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի պատվիրակությունը նախագահ Լորան Վոկիեի գլխավորությամբ հանդիպել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտներին և ուսանողներին վերոնշյալ շրջանի և Հայաստանի միջև կրթական ոլորտում համագործակցությանը նվիրված քննարկման շրջանակում: Համալսարանի ապագա կամպուսի հարևանությամբ՝ ԹՈՒՄՈ կենտրոնում կազմակերպված այս հանդիպումն իր ներկայությամբ պատվել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:
Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժակ Կոմբին հիշեցրել է 2 համալսարանների միջև գոյություն ունեցող 20-ամյա համագործակցության մասին: ՀՖՀՀ-ի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը ներկայացրել է համալսարանի նոր UFAR20+ կամպուսի նախագիծը, որը գտնվելու է ԹՈՒՄՈ-ԵՄ Ինժեներական և կիրառական գիտությունների կենտրոնի հարևանությամբ.<Այս նախագիծը կօգնի կերտել համալսարանի նոր դեմքը, այն կարելի է բնութագրել երեք երևույթով՝ կարծրատիպերի կոտրում, ինտելեկտուալ երիտասարդության կրթում և ֆրանկոֆոնիա>
Եռակողմ հայտարարություն է ստորագրվել ՀՖՀՀ-ի, Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանի և Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի միջև։ Համաձայնագիրը ենթադրում է շրջանի աջակցությունը ՀՖՀՀ-ի զարգացմանը և նոր կամպուսի նախագծին, որը թույլ կտա համալսարանին դառնալ ֆրանկոֆոն միջազգային բարձրագույն կրթական և հետազոտական հաստատություն:
Նախագահ Լորան Վոկիեն հայտարարել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի նոր կամպուսի կառուցմանը 600 000 եվրոյով աջակցելու մտադրության մասին. <ՀՖՀՀ-ի և ԹՈՒՄՈ-ի համագործակցության նախագիծը մոտիվացնող նախագիծ է, որը թույլ կտա համալսարանին դառնալ ավելի դինամիկ։ Ես այսօր ուրախ եմ շուրջս տեսնել այս համալսարանի տված կրթության արդյունքը՝ ֆրանկոֆոն ուսանողներին և շրջանավարտներին>:
Հիշեցնենք, որ կամպուսի կառուցման համար 2019թ․ փետրվարին մեկնարկել է միջազգային դրամահավաք (don-ufar.com), որն իրականացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի բարձր հովանավորությամբ: