Արմինֆո. Հայաստանում լուրջ քաղաքական ճգնաժամ է, քանի որ երկրում բացակայում են ԱԱԾ, Ոստիկանության և պետական պահպանության ծառայության ղեկավարները։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել Է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
Մևնույն ժամանակ, փորձագետը նշել է, որ նման կադրային փոփոխությունները միանգամայն նորմալ երևույթ են հետհեղափոխական շրջանում։ Իսկանդարյանի խոսքով՝ իշխանության եկած "հեղափոխության մենեջերները" վաղ թե ուշ հասկանում են պրոֆեսիոնալ կադրերի հետ աշխատելու անհրաժեշտությունը։ "Մինչդեռ այդ մասնագետները մեկ այլ խմորից են, այլ կենսագրությամբ, եւ ցանկացած երկրում նրանք սկսում են արգելակել վերեւի ցուցումները: Սկսվում են հակասություններ, և այդ մարդիկ հետո "դուրս են թափվում" իշխանությունից։ Հայաստանում այս գործընթացի դեռ ամենասկզբն է, պտուղներն առջևում են։ Իշխանությունը պառակտվելու է, մարդիկ դուրս են գալու այնտեղից, եւ դա իրադարձությունների բնական ընթացքն է", - նկատել է Իսկանդարյանը։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Հայաստանի պարագայում հեղափոխության ՙշարժիչը՚ կազմել են երկու-երեք տասնյակ մարդ՝ մի քանի հազար պետծառայողներ հավաքագրելու անհրաժեշտության ֆոնին։ "Հետագայում այդ մարդիկ չեն կարող իրար հետ հակասության մեջ չմտնել։ Հենց այդպես է հեղափոխությունը խժռում իր երեխաներին", - ամփոփել է փորձագետը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի կեսերին Վալերի Օսիպյանը հրաժարական տվեց ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից ՝ խոստանալով "ավելի ուշ պատմել հեռանալու պատճառների մասին": Այնուհետև նա նշանակվեց վարչապետի խորհրդական, սակայն հեռացավ նաև այդ պաշտոնից։ Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնից Արթուր Վանցյանի հրաժարականի մասին հայտնի դարձավ սեպտեմբերի 16-ին: Գրիգորի Հայրապետովին ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 15-ին: Հայրապետովը Հայաստանի երեք նախկին նախագահների, ինչպես նաև գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական թիկնապահն էր: