Արմինֆո. Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիները կարող են ժամանել հանրապետություն, սակայն նրանք պետք է այդ մասին տեղեկացնեն Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը՝ ղարաբաղյան հակամարտության պատճառով "հուզական ֆոնից" խուսափելու համար: Այդ մասին Մամեդյարովը հայտարարել է "Իզվեստիա" թերթին տված հարցազրույցում։ "Մենք այդ թեմայով միշտ բավական անկեղծ ենք խոսում ռուսական կողմի հետ", - ասել է նա։
Հիշեցնենք, որ բազմիցս Ռուսաստանի հայկական ազգանուններով քաղաքացիները Ադրբեջան այցելելիս լուրջ խնդիրների են բախվել, կամ նրանց թույլ չեն տվել երկիր մտնել՝ օդանավակայանից արտաքսելով, կամ էլ ենթարկվել են քրեական հետապնդման։