Արմինֆո. Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել "Հայելի" մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին չորս երիտասարդներ ձվեր էին նետել "Հայելի" մամուլի ակումբի խմբագրության դռան վրա՝ պահանջելով փակել այդ լրատվամիջոցը։ Երիտասարդներից մեկի ասելով, ակցիայի պատճառը Hayeli.am կայքում հրապարակված հոդվածն է՝ "Ալիևի ուշացած, բայց հզոր պատասխանը Փաշինյանին" խորագրի ներքո:
"Երեւանի դատախազի հանձնարարությամբ "Հայելի" մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով", - նշել է Աբրահամյանը:
Միջադեպիառնչությամբ հանդես է եկել նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ ընդգծելով նման գործողությունների անթույլատրելիությունը: Դատապարտող հայտարարություններով հանդես են եկել մի շարք ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ, որոնք եւս ընդգծել են ժողովրդավարական հասարակությունում նման դրսեւորումների անընդունելիությունը:
Լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը պնդում է, որ կատարվածը քաղաքական հետապնդում է: Նա իրավապահ մարմիններին կոչ է արել անհրաժեշտ իրավական գնահատական տալ կատարվածին։