Արմինֆո.Հոկտեմբերի 1-ին Երևանում ակցիաներ են անցկացվել ինչպես եվրասիական ինտեգրման դեմ, այնպես էլ՝ ի պաշտպանություն: Հայաստանի մայրաքաղաքում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի անցկացմանը դեմ է հանդես եկել Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, որի ներկայացուցիչները սակավամարդ հանրահավաք են անցկացրել կառավարության շենքի մոտ:
Կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանը, մասնավորապես, հայտարարել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ակտիվացման եւ Եվրամիությանը միանալու անհրաժեշտության մասին:
Մինչդեռ ՌԴ դեսպանատան մոտ ակցիա է անցկացվել ի պաշտպանություն եվրասիական ինտեգրման և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցի։ Միջոցառման կազմակերպիչներն էին Հայաստանի Կոմկուսը, "Հանուն Հայաստանի սոցիալական արդարության" կուսակցությունը եւ Հայաստանի միասնական առաջադիմական կոմկուսը: Ակցիայի մասնակիցները կարևորել են երկու երկրների տնտեսական համագործակցությունը, որը, մասնավորապես, արտահայտվում է ակտիվ առևտրաշրջանառության և ներդրումային համագործակցության մեջ: Բացի այդ, նշվել է երկու ժողովուրդների դարավոր բարեկամական կապերի մասին։
Այսօր Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ: Դրանց թվում են Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը։ Միջոցառմանը կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Պաշտոնական օրակարգի համաձայն ՝ սպասվում է նեղ կազմով հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվների հետ կապված հարցեր: Հանդիպման մասնակիցները կանդրադառնան նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին և կազմին: Երեւանում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում կքննարկվի ավելի քան 10 հարց: Մասնավորապես, նիստի մասնակիցները կքննարկեն ԵԱՏՄ դատարան դիմելիս տնտեսավարող սուբյեկտների կողմից վճարվող տուրքի չափը հաստատելու հարցը, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու, ԵԱՏՄ 2018 թվականի բյուջեի կատարման մասին հաշվետվության, ԵԱՏՄ բյուջեի մասին հարցը: