Արմինֆո. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի հստակ պատճառներն այսօր դժվար է նշել, սակայն նրա հրաժարականի հայտարարության տեքստից հստակ երևում է քաղաքական իշխանության գործողությունների և ԱԱԾ տնօրենի կողմից այդ գործողությունների ընկալման տարբերությունը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել իրավապաշտպան Արթուր Սաքունցը ։
Վանեցյանի հրաժարականի մասին սեպտեմբերի 16-ին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դրանից հետո հրաժարականի մասին հայտարարել է ինքը ՝ Վանեցյանը ՝ իր հայտարարության մեջ նշելով, որ <որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում>:
<Վանեցյանի հայտարարության մեջ հստակ գնահատականներ հնչեցին իշխանության գործունեության վերաբերյալ։ Ըստ այդմ՝ այն կարելի է ավելի շատ դիտարկել որպես քաղաքական գործչի, քան ԱԱԾ տնօրենի հայտարարություն։ ԱԱԾ ղեկավարը, ըստ ամենայնի, պետք է անհամաձայնություն հայտներ ԱԱԾ-ում այս կամ այն բարեփոխումների, այլ հարցերի առնչությամբ, որոնք անմիջականորեն առնչվում են նրա կառուցվածքին։ Սակայն, Վանեցյանը համաձայն չէ իշխանության բոլորովին այլ որոշումների հետ, որոնք, ըստ էության, նրան ՝ որպես ԱԱԾ տնօրեն, չեն առնչվում> - ընդգծել է իրավապաշտպանը ։
Սաքունցի գնահատմամբ ՝ Վանեցյանի <կանգ առնելու> կոչն ակնհայտորեն ուղղված էր նրա անմիջական ղեկավարությանը ՝ ի դեմս վարչապետ Փաշինյանի։
Նա նաև կարծում է, որ ԱԱԾ նախկին տնօրենը չափազանց մեծ նշանակություն է տվել սեփական անձին։ Ավելին, հետհեղափոխական Հայաստանում գլխավոր դեմքերից մեկն էր, ինչը հակասում էր ԱԱԾ տնօրենի կարգավիճակին ։
Այսպիսով, ըստ իրավապաշտպանի, ԱԱԾ տնօրենը սկսեց իրեն դիտարկել որպես քաղաքական գործընթացների մասնակից, այլ ոչ թե՝ երկրի ազգային անվտանգությունն ապահովող կառույցի ղեկավար։
<Ամեն դեպքում ես կարծում եմ, որ Հայաստանի նոր քաղաքական համակարգի ձևավորման մեջ ԱԱԾ սպան անելիք չունի։ Վանեցյանի ՝ որպես համակարգի մարդու մոտեցումներն այն հիմքը չեն, որի հիման վրա կարելի է հայտ ներկայացնել մեր երկրում համապատասխան, առողջ քաղաքական գործընթացներին մասնակցելու համար>, - ամփոփել է իրավապաշտպանը: