Արմինֆո. "Ավելի շատ անհեթեթություն դժվար է հորինել",- սեպտեմբերի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ընդդիմախոսների այն մեղադրանքներին, թե նոր իշխանությունը ձեռնպահ է մնում նախկին ռեժիմի գործողությունների քաղաքական գնահատականներից՝ իր, մասնավորապես, Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածությունների պատճառով։
Վարչապետի խոսքով՝ նախկին իշխանության գործողություններին գնահատական արդեն տրվել է թավշյա հեղափոխությամբ։ "Նախկին իշխանության գնահատականը ես տալիս եմ իմ ողջ քաղաքական գործունեության ընթացքում։ Երբեք և ոչ մեկի հետ քաղաքական պայմանավորվածություն չեմ ունեցել։ Իմ հրապարակային գործունեության առաջին օրվանից ես ինձ պայմանավորվածություններով չեմ կաշկանդել", - հայտարարել է նա։ Փաշինյանի խոսքով՝ ինքը պայմանավորվել է բացառապես Հայաստանի ժողովրդի եւ քաղաքացու հետ եւ երբեք չի գործել որեւէ մեկի թիկունքում։
Հարցին, թե ինչու այսօր քրեական գործ չի հարուցվել 3-րդ նախագահ Սարգսյանի նկատմամբ, Փաշինյանը պատասխանել է, որ իշխանության դիրքորոշումն այն է, որ հարկավոր է առաջնորդվել ոչ թե վենդետայի սկզբունքներով, այլ՝ միայն օրինականության և իրավական պետության պահանջներով։ Ինչպես նշել է Փաշինյանը, Հայաստանում ոչ ոք չի ձերբակալվի քաղաքական որոշման հիման վրա։ "Սերժ Սարգսյանի եղբայրներն անցնում են քրեական գործով, նրանց որդիները՝ նույնպես, ոմանք հետախուզման մեջ են։ Իսկ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հայտարարությունները բացատրում եմ նրանով, որ իրեն տեղեկություն է հասել, որ քննությունն արդեն մոտեցել է իրեն, հավանականություն կա, որ նա կներգրավվի արդեն որպես մեղադրյալ, մասնավորապես ՝ ռազմավարական օբյեկտներից մեկի սեփականաշնորհման գործով, ցուցմունք կտա Սերժ Սարգսյանի դեմ, ինչի արդյունքում վերջինս կձերբակալվի։ Եվ դրա համար, առաջ անցնելով իրադարձություններից, նրանք որոշել են հայտարարել, թե ենթարկվում են քաղաքական հետապնդումների", - պարզաբանել է նա։ Ընդ որում, Փաշինյանը Մինասյանին կոչ Է արել վերադառնալ Հայաստան եւ պատասխանել հատուկ քննչական ծառայության հարցերին, հայտարարելով, որ բոլոր կոռուպցիոներները, ի վերջո, կհայտնվեն բանտերում: