Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ-ն կրկին հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ում բոլոր որոշումները, այդ թվում ՝ դիտորդի, գործընկերոջ կարգավիճակ տալու մասին, ընդունվում են կոնսենսուսի հիման վրա:
ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովի ՝ Ադրբեջանի հետ ՀԱՊԿ-ի հնարավոր համագործակցության վերաբերյալ արած հայտարարությանը, մասնավորապես, ընդգծել է. <Կա ՀԱՊԿ կանոնադրություն, որտեղ հստակ ամրագրված են այն չափանիշները, որոնք պետք են դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ ստանալու համար: Մասնավորապես, դիտորդի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է դիվանագիտական հարաբերություններ ունենա ՀԱՊԿ բոլոր անդամ պետությունների հետ, ավելին, ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է աջակցի հակամարտությունների և միջազգային վեճերի և հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը: Իսկ ինչ վերաբերում է գործընկերոջ կարգավիճակին, ինչպես և դիտորդի կարգավիճակի պարագայում, նա նույնպես պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ, չունենա հակամարտություններ այլ պետությունների կամ պետության հետ և չունենա տարածքային վեճեր հարևանների հետ:
Մենք հետևեցինք և մեկնաբանություններին, և տարբեր դիրքորոշումներին, որոնք հնչեցվեցին, և կարծիքներին, որոնք հայտնվեցին, բայց, հստակ արձանագրենք. կա կանոնադրություն, կան հստակ ամրագրված դրույթներ, և կա ՀԱՊԿ սկզբունքը, որ որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա: Ուստի առանց Հայաստանի համաձայնության, ցանկացած մեկնաբանություն, կարծիք և դիրքորոշում կմնա միայն որպես այդպիսին>: