Արմինֆո. <Մավրերն արեցին իրենց գործը, Մավրերին կարող եք ճանապարհել գաղութ>: ՍԴ որոշմանն այսպես է արձագանքել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը:
<Կայացվեց հակասահմանադրական, հակաօրինական որոշում, որի համար ՍԴ անկարգավիճակ, իրենք իրենց սահմանադրությունից դուրս դրած անդամները վերազանցել են լիազորորությունները, ավելի ստույգ՝ իրենց վերապահել են չունեցած լիազորություններ։ Պահանջում եմ ՀՀ իշխանություններից չկատարել ՍԴ ապօրինի որոշումը։ Խափանման միջոցի ընտրությունը՝ կալանավորումը չի կարող որևէ կերպ կապվել նախագահի գործառույթային անձեռնմխելիության հետ, մանավանդ, որ նախագահի պաշտոնն զբաղեցրած անձը քրեական հետապնդման տակ է ու կարող է խոչընդոտել դատաքննությանը, իսկ իրականում՝ արդեն իսկ քանի ամիս խոչընդոտում է>,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա:
Նշենք, որ Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները, որոնք վերաբերում են նրա կալանքի հիմքերի Սահմանադրությանը համապատասխանելուն։ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է դատարանի որոշումը, որտեղ նշվում է․ «Սահմանադրական դատարանը որոշեց ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրութան ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածներին հակասող և անվավերե։
ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Փաստաթուղթը պետք է հրապարակվի եռօրյա ժամկետում։