Արմինֆո. Կրինիցայի համաժողովին մասնակցելուց Հայաստանի հրաժարվելը պայմանավորված է Մոսկվայի ճնշմամբ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել սեպտեմբերի 3-5-ը Լեհաստանի Կրինիցա քաղաքում ընթացող 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին, ինչի մասին, ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի, տեղեկացվել է հրավիրող կողմին:
"Մեր կարծիքով՝ Հայաստանին հերթական անգամ ընտրության առաջ են դրել՝ հաշվի առնելով հոկտեմբերին Երևանում կայանալիք ԵԱՏՄ և ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովը։ Եվ հերթական անգամ մեր ղեկավարությունը սխալ ու ամոթալի ընտրություն կատարեց։ Մեր կուսակցությունն այս հարցը դիտարկում է համամարդկային արժեքների ընտրության, արտաքին քաղաքական և գաղափարական ընտրության համատեքստում։ Այդ առումով՝ Հայաստանը քաղաքական խոշոր սխալ գործեց, որը շատ շուտով կանդրադառնա Հայաստանի տնտեսական իրավիճակի և ֆինանսաբանկային համակարգի վրա", - կանխատեսում է նա։
Խզմալյանը կարծում է, որ Երևանի այս որոշումը չի արտացոլում հայ հասարակության ազատատենչ զանգվածների կարծիքներն ու մոտեցումները։ Ընդ որում, նման սխալ որոշում կայացնում է կառավարությունը, որը, թեկուզ անուղղակիորեն, բայց հայտարարում է 2016 թվականի ապրիլյան պատերազմի պատճառների, աշխարհաքաղաքական իրավիճակի սեփական գիտակցման մասին՝ ընդհանուր առմամբ։ Նրա գնահատմամբ՝ սա խոսում է Հայաստանի կառավարության գիտակցված ընտրության մասին։ Որոլում, որը հնարավոր չէ ներել։
Սեպտեմբերի 3-ից 5-ը Լեհաստանի Կրինիցա-Զդրույ քաղաքում ընթանում է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի խոշորագույն 29-րդ տնտեսական համաժողովը: Ամեն տարի "Լեհական Դավոսին" մասնակցում են շուրջ 5000 հյուրեր՝ նախագահներ, կառավարությունների ղեկավարներ, նախարարներ, խորհրդարանականներ, փորձագետներ, գործարարներ, մշակույթի գործիչներ եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ Եվրոպայի, Ասիայի ավելի քան 60 երկրներից եւ ԱՄՆ-ից: 29-րդ տնտեսական համաժողովի ընթացքում նախատեսվում են 250 քննարկումներ, որոնց ընթացքում բանախոսներն ու հյուրերը քննարկում են ինչպես տնտեսական մարտահրավերները, որոնք օրակարգում են եվրոպական պետությունների առջև, այնպես էլ ողջ մայրցամաքի անվտանգության հարցերը: Միջոցառման կազմակերպիչն է Արևելաեվրոպական հետազոտությունների ինստիտուտի հիմնադրամը (Foundation Institute for Eastern Studies):