Արմինֆո.Ռուսաստանում Հայաստանի դեսպանը Վարդան Տողանյանը համոզված է, որ ՀՀ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի հետ կապված իրավիճակը հայ-ռուսական հարաբերությունների հետ չունի որևէ առնչություն:
Երեւանում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով համապատասխան հարցին, դիվանագետը արձանագրել է, որ նման միջադեպեր եղել են եւ անցյալում, եւ ներկայում, եւ ապագայում եւս կլինեն։ <Արտահանձնման գործընթացն ընդհանուր առմամբ պետք է համապատասխանի միջազգային և ներպետական օրենսդրությանը։ Նախ ՝ Ռուսաստանը չի մերժել արտահանձնման մասին խնդրանքը։ Եթե դուք տեղեկացված եք եւ կարդացել եք Ռուսաստանի դատախազության հաղորդագրությունը, ապա այնտեղ ասվում է, որ նրանք դիմել են հայ գործընկերներին լրացուցիչ փաստաթղթեր եւ հիմնավորումներ ստանալու համար, այսինքն՝ արտահանձնման վերաբերյալ վերջնական որոշում չկա>, - ասել է Տողանյանը:
Երկրորդ, դիվանագետի խոսքով, ինչ վերաբերում է Միքայել Հարությունյանին (ՀՀ պաշտպանության նախկին նախարար-խմբ.), ապա ինչպես արդեն նշվել է, նա ՌԴ քաղաքացի է և ըստ ռուսական սահմանադրության, ինչպես նաև հայկական, այդ երկրի քաղաքացին չի կարող արտահանձնվել: Դեսպանը նաև վստահեցրել է, որ նման հարյուրավոր դեպքեր լինում են, սակայն դրանց մասին քիչ է հայտնի, քանի որ դեմքերը քիչ հայտնի են։ <Այդ պատճառով ես չէի քաղաքականացնի այդ հարցը եւ մտցնի հայ-ռուսական հարաբերությունների դաշտ>, - ասել է դեսպանը:
Դիտարկմանը, թե ՌԴ նախագահի շնորհավորանքը բանտում գտնվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կարելի է արդյոք համարել աջակցությւոն վերջինիս՝ դեսպանն ասել է. <Ոչ, չի կարող, քանի որ դա Հայաստանի ներքին գործն է։ Ես տեղյակ չեմ Հայաստանի ներքին գործերին միջամտելու որևէ փորձի մասին>, - ասել է նա ։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Վլադիմիր Պուտինը կժամանի Երեւան՝ Տողանյանը նշել է, որ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Հայաստանում նախատեսվում է անցկացնել ԵԱՏՄ գագաթնաժողով, որի շրջանակներում էլ սպասվում են կազմակերպության երկրների նախագահների այցերը, սակայն այժմ այցերի եւ միջոցառումների օրակարգի մասին խոսելը դեռ վաղ է: