Արմինֆո. "Խաղաղության մարտիկ" բանակային միջազգային խաղերի շրջանակներում հաղթել է Հայաստանի թիմը: Այդ մասին օգոստոսի 13-ին լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Նշենք, որ այս տարի մրցույթն անցկացվել է Հայաստանում։ "Այս հաղթանակը ինչպես այս մրցույթի, այնպես էլ միջազգային բանակային խաղերի ձևաչափով մեզ համար առաջինն է։ Ավելին, մեր երկիրն առաջին անգամ հանդես է եկել որպես բանակային միջազգային խաղերի կազմակերպիչ։ Ցանկանում եմ նշել, որ, ինչպես միշտ, շատ արժանավայել են հանդես եկել նաեւ Ռուսաստանի եւ Ղազախստանի թիմերը, որոնք ընդհանուր թիմային հաշվարկում գրավել են երկրորդ եւ երրորդ տեղերը: Ավելին, Ռուսաստանի ներկայացուցիչը լավագույնն է դարձել զինծառայող տղամարդկանց անհատական առաջնությունում", - ընդգծել է նախարարը։
Տոնոյանը նաեւ նշել է, որ Պաշտպանության նախարարությունն արել է անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի միջոցառումը հետաքրքիր եւ հիշարժան լինի: "Պետք է ընդգծեմ, որ ինձ համար շատ հաճելի է, որ Հայաստանը դարձել է նման միջոցառումների անցկացման համընդհանուր հարթակ", - նշել է նախարարը:
Հավելենք, որ "Խաղաղության մարտիկ" մրցույթի ծրագիրը նախատեսված էր 14 օրվա համար։ Այն ներառում էր "աթլետ" ռազմամարզական մրցույթը, մարտական պատրաստության "պրոֆեսիոնալ" եւ "դիպուկահար" առարկաների մրցույթները, "Էրուդիտ" ինտելեկտուալ տուրը եւ այլն: Մրցույթին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Իրանի եւ Հունաստանի ներկայացուցիչները: