Արմինֆո.«Պոբեդա» լոուքոսթերը ձմռան սեզոնից դադարեցնում է չվերթները դեպի Գյումրի: Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ավիաընկերության աղբյուրը, չվերթները դադարեցնելու որոշումն առնչվում է Գյումրիի օդանավակայանում վառելիքի պարբերական թերբեռնման հետ:
«Պոբեդան» բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը՝ պահանջելով պարզել իրավիճակը: Սակայն օդանավակայանի միջոցառումներն անբավարար են, եւ վառելիք լիցքավորողը շարունակում է թերբեռնման պրակտիկան: Մինչեւ ամառային սեզոնի վերջը «Պոբեդան» կկատարի դեպի Գյումրի ծրագրված չվերթները, որպեսզի իր հաճախորդներին դժվար կացության մեջ չդնի, բայց ձմեռային սեզոնից այս երթուղով տոմսերի վաճառքը դադարեցված է»,- ասել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչը:
Այս պահին «Պոբեդան» կատարում է Մոսկվայից Գյումրի շաբաթական 10 չվերթ, ձմեռային սեզոնին նախատեսված էր շաբաթական 7 չվերթ: Լոուքոսթերը դեպի Գյումրի չվերթներն սկսել է 2016 թվականին դեկտեմբերին:
Ի պատասխան իրավիճակը մեկնաբանելու ԱրմԻնֆո գործակալության խնդրանքին՝ "Հայաստանի միջազգային օդանավակայաններ" ՓԲԸ-ում, որի հավատարմագրային կառավարմանն է հանձնված Գյումրիի "Շիրակ" օդանավակայանը, հաղորդել են, թե տեղյակ չեն լոուքոսթերի մտադրությունների մասին, սակայն առայժմ ձեռնպահ կմնան մեկնաբանություններից: