Արմինֆո. Ոստիկանապետի տեղակալ Վարդան Մովսիսյանը չի բացառում, որ երեկ Իջևանում բողոքի ակցիաները կազմակերպված բնույթ են կրել։ Մովսիսյանը նման կարծիք է հայտնել հուլիսի 18-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։ Ըստ փոխոստիկանապետի, Իջևանում հավաքվել է մոտ 500 մարդ, ինչը խոսում է այն մասին, որ ակցիան, հնարավոր է, կազմակերպված բնույթ է կրել և ուղղորդվել է շահագրգիռ խմբի կողմից։
Ինչպես հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը, համապատասխան օպերատիվ տվյալներ կան բիզնեսի իրական շահառուների՝ ապօրինի ծառահատման, մշակման եւ իրացման բիզնեսի "ստվերային ղեկավարների" մասին: Այնուամենայնիվ, այս փուլում իրավապահ մարմինները ձեռնպահ կմնան այդ մարդկանց անունները հնչեցնելուց։ Ինչ վերաբերում է "պոտենցիալ բերման ենթակա" 36 քաղաքացիների ցանկին, ինչի մասին հիշատակել է վարչապետը, ապա, դրանք երեկվա ակցիայի առավել ակտիվ մասնակիցներն են։ "Ցուցակը կազմվել է օպերատիվ տվյալների հիման վրա", - պարզաբանել է ոստիկանապետի տեղակալը:
Ինչպես վստահեցրել է Վարդան Մովսիսյանը, ոստիկանությունը վճռական է կարգուկանոն հաստատելու և ապօրինի գործունեությունը կասեցնելու հարցում, և, անհրաժեշտության դեպքում, օրենքի շրջանակում պատրաստ է ուժ կիրառել: Ընդ որում, փոխոստիկանապետի խոսքով, եղել են դեպքեր, երբ ոստիկանության աշխատակիցը դարձել է ապօրինի ծառահատման մասնակից՝ կաշառք է վերցրել եւ բաց է թողել սղոցած ծառերով բեռնված փոխադրամիջոցը: Այդ ոստիկանը, ինչպես նշել է նա, այսօր գտնվում է քննության տակ։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի երեկոյան Իջեւանում մի խումբ քաղաքացիներ փակել էին դեպի Վրաստան տանող միջպետական նշանակության ճանապարհը և պահանջում էին, որ նախկինի պես իրենց թույլ տրվի անտառահատում կատարել ու փայտ արտահանել։ Ոստիկանությունը փորձել է հետ մղել նրանց մայրուղուց, սակայն ցուցարարները սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ: Արդյունքում 12 ոստիկան ստացել է մարմնական վնասվածքներ։ Ինչպես այսօր կառավարության նիստում հայտարարել է Վարդան Մովսիսյանը, ոստիկանության զորքերի մի մասը տեղափոխվել Է Իջևան։ Այնտեղ է նաև ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Նրա խոսքով ՝ բերման է ենթարկվել 19 անձ, նրանցից 13 - ը ձերբակալվել են ։