Արմինֆո.Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները խուզարկել են դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը: Այս մասին Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը ։
<Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկությունն իրականացվել է Հատուկ քննչական ծառայության կողմից քննվող քրեական գործի շրջանակներում>, - ասել է Օհանջանյանը ՝ հավելելով, որ առայժմ չի կարող ասել, թե ինչ գործի մասին է խոսքը:
Հիշեցնենք, որ հենց դատավոր Դավիթ Գրիգորյանն էր ավելի վաղ որոշում կայացրել կալանքից ազատ արձակել երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՝ Արցախի նախկին և գործող նախագահների երաշխավորությամբ ։ Ավելի ուշ Գրիգորյանը կասեցրեց գործի վարույթը և ուղարկեց Սահմանադրական դատարան։