Արմինֆո. 2020 թ. հունվարի 1-ից կենսաթոշակները կբարձրանան 10 տոկոսով, հուլիսի 11-ին կառավարության նիստում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
<Երեկ երեկոյան կառավարությունը դռնփակ նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, և կարող ենք մի քանի արձանագրում անել: Քննարկման շրջանակնում որոշում կայացվեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները: Նաև գիտենք, որ սեպտեմբերի 1-ից բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը: Որոշում կայացվեց, ինչի մասին հայտարարել էինք, որ մենք կփորձենք միանգամից մեկ ծրագրի շրջանակում լուծել 1988 թվականի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե այս պահին արձանագրված են: Այդ նպատակով կհատկացվի 3 մլրդ դրամ: Ինչ վերաբերում է ծրագրի մանրամասներին, հարցի լուծման մեթոդաբանությանը, դրանք նաև հետագա քննարկումների ընթացքում կհստակեցվեն: Հունիսի 1-ից արդեն բարձրացել են զինվորականների աշխատավարձերը, ինչը նշանակում է, որ զինվորականներն արդեն ստանում են բարձրացված աշխատավարձերը:
Այժմ մեր հիմնական խնդիրն է ունենալ բարձր ներառական տնտեսական աճի ցուցանիշների հասնելու կոնկրետ ճանապարհային քարտեզ: Ինչպես կառավարության և «Իմ քայլըե դաշինքի ծրագրում է արձանագրված, այդ խնդրի լուծման հիմնական միջոցը տեսնում ենք վերամշակող, տեխնոլոգիական արդյունաբերության և զբոսաշրջության զարգացման ուղղություններով:
Որպես այդ գործողությունների հերթական հանգրվան՝ Վիետնամ և Սինգապուր այցի շրջանակում էլ քննարկումներ ունեցել ենք: Այս պահին, կարծում եմ, պետք է ստեղծենք աշխատանքային շրջանակ, որը կներառի վերամշակող արդյունաբերության ոլորտի ձեռնարկություններին: Խոսքն առանձնահատուկ այն ձեռնարկությունների մասին է, որոնք հում հումքից ստանում են վերջնական արտադրանք>,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին հանձնարարել է այս ընկերությունների հետ աշխատանքները, քայլերը սկսել, և մենք մինչև օգոստոսի 20-ը այդ ընկերությունների ներկայացուցիչների հետ ունենալ աշխատանքային հանդիպում և քննարկում, թե ինչ քայլեր ունի կառավարությունն անելու՝ վերամշակող արդյունաբերությանն աջակցելու և արտահանմանը միտված նրանց գործունեությունը խթանելու ուղղությամբ: <Նկատի ունեմ մինչև օգոստոսի 20-ը դուք աշխատանքային կարգով քննարկումներ ունեցեք: Մինչև հիմա դրանք եղել են տարբեր ֆորմատներում, կան առաջարկներ, որոնց հետ կապված մեր վերաբերմունքը մինչև սեպտեմբեր պետք է հստակեցնենք: Պայմանավորվենք, որ կհանդիպենք և կամփոփենք առաջարկները>,- ասել է Փաշինյանը: