Արմինֆո. Վերին Լարսի անցակետում այսօր կանգեցված ավտոբուսի ուղևորները դեռևս գտնվում են ռուս-վրացական սահմանին։ Այդ մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը:
<Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները մեկնել են Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և ուղևորներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու համար։ Ուղևորափոխադրող ընկերության մեկ այլ ավտոբուս գտնվում է Վերին Լարս տանող ճանապարհին և շուտով ուղևորներին կտեղափոխի Հայաստան>,- նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:
Մինչդեռ, ինչպես հայտնում են մի շարք ԶԼՄ-ներ, ավտոբուսի կանգնեցման պատճառը դրանում թմրանյութերի հայտնաբերումն է:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ Հունիսի 22-ին Մոսկվայից մեկնած <Ավազար բուս> ընկերությանը պատկանող ավտոբուսում գտնվում է 48 ուղեւոր, այդ թվում ՝ 13 երեխա: