Արմինֆո. Լավատեսական եմ համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում մոտ ժամանակներս բեկում արձանագրելու մասին կանխատեսումները։ Այդ մասին հունիսի 21-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի եվրոատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։
Նրա խոսքով՝ պետք չէ բացարձակացնել առաջնագծում լարվածության թուլացման եւ միջադեպերի կրճատման փաստը, քանի որ անդորրն իր սահմաններն ունի: "Կարծում եմ, որ պետք չէ նաև ուշադրության դաշտից բաց թողնել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանին տեղի ունեցող միջադեպերը, ինչն ավելի վտանգավոր է։ Այն, ինչի շուրջ այսօր բանակցություններ են ընթանում, ավելի շուտ հակամարտությունների կառավարման գործընթաց է, այլ ոչ թե լուծման ուղիներ փնտրելու։ Բայց պետք է հասկանալ, որ սայլը ձիու առջև չեն դնում։ Ստատուս-քվոն անընդունելի է, ինչի մասին ընդգծում են բոլորը, սակայն ոչ ոք դրան այլընտրանք չի առաջարկել", - ասել է ռուսաստաննցի փորձագետը:
Նրա խոսքով, հակամարտության կողմերը մաքսիմալիստական դիրքորոշում ունեն խնդրի կարգավորման հարցում եւ, ելնելով դրանից, նա դեռեւս չի տեսնում փոխզիջումային լուծում, որը կբավարարի հակամարտության բոլոր կողմերին: Մարկեդոնովը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում իրավիճակը դեռ շատ երկար կարող է հավասարակշռել ոչ խաղաղության, ոչ պատերազմի ռեժիմում, այսպես ասած, դինամիկ ստատուս քվոյի ռեժիմում։
Քաղաքագետը նաև համաձայն չէ այն պնդումներին, թե ղարաբաղյան հակամարտությունը ձեռնտու է Ռուսաստանին։ "Ղարաբաղյան խնդրի լուծումը բազմաթիվ հնարավորություններ կբացի Մոսկվայի համար։ Դա և երկկողմ փոխգործակցությունը հնարավորություն կընձեռի Ադրբեջանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը և այլն ։ Պետք է հասկանալ, որ Մոսկվայի դերը չի հանգում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին, այն շատ ավելի լայն է", - նշել է նա։
Անդրադառնալով Արցախի եւ Հայաստանի միջեւ առաջացած որոշակի լարվածությանը ՝ Մարկեդոնովը փաստել է, որ չնայած Արցախը չճանաչված հանրապետություն է, բայց, այնուամենայնիվ, դա ՀՀ տարածքը չէ։ Նրա ասելով, հասկանալի է, որ Արցախում ինչ-որ զգուշավորությամբ են նայում հեղափոխական գործընթացները Հայաստանում, ինչը միանգամայն հասկանալի է, քանի որ նրանք դա տեսնում են այլ տեսանկյունից, չէ որ այնտեղ թիկունքում զորքերի շփման գիծն է, այլ կերպ ասած՝ ճակատի գիծը։ "Փաշինյանը լավ տեխնոլոգ է, լուրջ, վճռական քայլեր է ձեռնարկում, սակայն հաճախ նրա որոշ որոշումներ հենց իր համար մեծ խնդիրներն են ստեղծում", - ամփոփել է նա։