Արմինֆո. Հունիսի 20-ին "Տիգրանակերտ" զորավարժարանում տեղի է ունեցել ՀՀ և Արցախի զինված ուժերի երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության եզրափակիչ կրակային փուլը:
Մարտական հրաձգության ընթացքում, որն անցկացվել է ցերեկային և գիշերային պայմաններում, մոտոհրաձգային, զրահատանկային, հրթիռահրետանային, հակաօդային ուժերի և ինժեներական միջոցների ներգրավմամբ խաղարկվել են պաշտպանական և հակահարձակողական մարտերի վարման նոր տարբերակներ:
Ուշագրավ է, որ նշված գործընթացները ծրագրվել և իրականացվել են բանակի զորամասերում և ստորաբաժանումներում կազմակերպչական-հաստիքային փոփոխությունների, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր տեսակների համալրման պայմաններում, ինչը հնարավորություն է տվել օբյեկտիվորեն գնահատել զորավարժություններում ներգրավված ուժերի և միջոցների իրական հնարավորություններն ու մարտունակության մակարդակը: Հարկ է հատուկ ընդգծել, որ բացի մարտավարամասնագիտական կարեւորության խնդիրներից, զորավարժությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել կիրառության մեջ դրված սպառազինությունների փորձարկմանը, այդ թվում ՝ հետախուզական նշանակության նորագույն տեխնիկական միջոցների փորձարկմանը, ինչպես նաեւ կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը, այն է ՝ մարտական գործողությունների վարման կայունությունն ու շարունակականությունն ապահովող գործոններին:
Ամփոփելով ՝ կարելի է փաստել, որ ԶՈՒ ցուցաբերել են բարձր մարտավարամասնագիտական և բարոյահոգեբանական պատրաստվածություն և կրակային ոչնչացման գերազանց արդյունք՝ իրենց առջև դրված խնդիրը կատարելով լրիվ ծավալով։