Արմինֆո. Հայկական առաջատար լոգիստիկ ՙՍպայկա՚ ընկերությունը հայտարարել է գյուղատնտեսական արտադրանքի մթերման մեկնարկի մասին: Այդ մասին հայտնում է ընկերությունը ֆեյսբուքյան իր էջում։
ՙՀարգելի´ ընկերներ, հաշվի առնելով Ձեր բազմաթիվ նամակներն ու զանգերը տեղեկացնում ենք, որ ❗️հունիսի 10-ից հետո Spayka LLC ընկերությունը սկսելու է ծիրանի, իսկ այնուհետև կեռասի, դեղձի, սալորի, խաղողի մթերումները:
2010 թ-ից Սպայկա ընկերությունը մթերում է իրականացնում Հայաստանում և աշխատում է ավելի քան 80 համայնքների հետ։ Այս 9 տարիների կայուն համագործակցությունը մեզ հետ աշխատող ֆերմերների հետ ամենակարևոր կապիլտալն է, որը ձեռք է բերվել փոխվստահելի, կայուն ու երկկողմանի շահավետ աշխատանքի արդյունքում:
❗️Սպայկա ընկերության աշխատակիցները առաջիկայում համայնքներում հանդիպումներ կսկսեն մթերման աշխատանքների կազմակերպման նպատակով՚, - ասվում է հաղորդման մեջ:
Հիշեցնենք, որ Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ապրիլի 5-ին "Սպայկա" ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղադրել էր 7 մլրդ դրամի հարկեր եւ մաքսատուրքեր վճարելուց խուսափելու մեջ ։ Ղազարյանը հերքեց այդ մեղադրանքները, հայտարարելով, որ այդ գումարից 5.5 մլրդ դրամը ԱԱՀ - ի վճարումներն են, որոնք, ըստ օրենքի, պետք է վերադարձվեին ընկերությանը։ Ապրիլի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ղազարյանին կալանավորելու որոշում էր կայացրել։ Արդեն ապրիլի 9-ին ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում հայտնել է, որ "Սպայկա" ընկերության տնօրենի կալանավորման և պետական մարմինների ու պաշտոնյաների կողմից ենթադրյալ մեղադրանքների մասին հայտարարությունների հետևանքով առևտրային բանկերը սկսել են հետ կանչել ընկերությանը տրամադրված վարկային միջոցները, նաև կարող են սառեցվել ընկերության հաշիվները, և կարող է արգելանք դրվել գույքի, այդ թվում գրավի տակ գտնվող բեռնատար ավտոմեքենաների վրա: Կասեցվել է Եվրասիական Զարգացման Բանկի կողմից ընկերության նախագծային ֆինանսավորման ծրագիրը: Ավելի ուշ Ղազարյանի խափանման միջոցը փոխվեց, նա գրավի դիմաց ազատ արձակվեց։ Ավելի վաղ ընկերությունը պաշտոնապես հայտարարել էր, որ 2018 թվականի մայիսի 2-ից մինչեւ 2019 թվականի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում "Սպայկա" ընկերությունը Հայաստանի գյուղատնտեսության մեջ ներդրել է 90 մլն ԱՄՆ դոլար: Սակայն ստեղծված պայմաններում Ընկերությունը չի կարող օգտվել շրջանառու միջոցներից և իրականացնել գյուղմթերքի նախատեսված գնումը։ Պետք է նկատել, որ ՙՍպայկան՚ գյուղարտադրողների հանդեպ պարտքեր չունեցող սակավաթիվ մթերող ընկերություններից մեկն է: Ընկերությանը կապում են Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ: ՙՍպայկայի՚ վերջնական շահառուի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան: