Արմինֆո.Այսօր հիմնական հարցը ոչ թե ՙԱրեւելյան գործընկերության՚ նախագծի ընձեռած ֆինանսավորման ծավալն է կամ այս կամ այն հնարավորությունը, այլ այն, թե գործընկեր երկրներն ինչպես են օգտագործում այդ հնարավորությունները։ Այդպիսի կարծիք է հայտնել Լեհաստանի արտաքին գործերի նախարարության Արեւելյան դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ռաֆալ Պոբորսկին՝ պատասխանելով ԱրմԻնֆոյի հարցին։
ՙՈւկրաինան, Վրաստանը եւ Մոլդովան, որոնք ստորագրել են ԵՄ հետ ասոցացման եւ ազատ առեւտրի գոտու (DCFTA) համաձայնագրերը, այդ հնարավորություններն օգտագործում են ավելի մեծ չափով, Հայաստանը, որը մեզ հետ ստորագրել է համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (Comprehensive and Enhanced Partnership Agreement, CEPA)՝ ավելի պակաս չափով։ Բելառուսն ու Ադրբեջանն այս լույսի ներքո, ընդհանրապես, առանձին հարց են։ Մինչդեռ հենց այս հարցը հիմնարար նշանակություն ունի նախագծի հետագա հեռանկարների համար՚, - նշել է դիվանագետը։
Այս լույսի ներքո՝ Պոբորսկին ՙԱրեւելյան գործընկերության՚, մասնավորապես, Լեհաստանի հավակնությունները գնահատում է որպես առկա իրողությունները զգալիորեն գերազանցող: Միեւնույն ժամանակ, դիվանագետը գլխավոր է համարում, որ եվրոպական նախագիծը զարգանում է եւ դրա համար հետագա հեռանկարներ ունի:
Միեւնույն ժամանակ, լեհ դիվանագետը նշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ որպես ՙԱրեւելյան գործընկերության՚ նախագծի կովկասյան վեկտորի վրա ազդող գործոն: Նրա գնահատմամբ՝ չկարգավորված հակամարտությունը խոչընդոտ է եվրաինտեգրման հարցում տարածաշրջանի երկրների միասնական դիրքորոշման մշակման ճանապարհին:
ՙԱմեն դեպքում, Լեհաստանը կողմ է այս հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ բացառապես միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։ Որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ՝ Լեհաստանն այդ ուղղությամբ ներկայացրել է սեփական առաջարկությունները, որոնք արտահայտվել են ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչի կողմից՚, - ամփոփել է Պոբորսկին։
ՙԱրեւելյան գործընկերությունը՚ Եվրոպական միության նախագիծն է, որը նախաձեռնել են Լեհաստանն ու Շվեդիան: Դրա հիմնական նպատակը Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ Եվրամիության ինտեգրացիոն կապերի զարգացումն է: Վեց պետություններից երեքը ՝ Ուկրաինան, Վրաստանը եւ Մոլդովան, Եվրամիությանն անդամակցելը հայտարարել են իրենց արտաքին քաղաքականության նպատակը։ 2019 թվականի մայիսին Բրյուսելում տեղի ունեցավ բարձր մակարդակի համաժողով՝ նվիրված ՙԱրևելյան գործընկերություն՚ ծրագրի 10-ամյակին։