Արմինֆո.Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպել է Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Կուվղյողի հետ (Philippe Couvreur):
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, ողջունելով Հայաստանի դեսպանին՝ ԱՄԴ գլխավոր քարտուղարը կարևորել է Հաագայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հետ երկխոսությունը և համագործակցությունը և ներկայացրել Դատարանի աշխատանքները, միջազգային իրավունքի հիման պետությունների միջև առաջացող տարաձայնություններին լուծումներ գտնելու հարուստ փորձը։
Դեսպան Բալայանը գլխավոր քարտուղար Կուվղյողին ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնած դատաիրավական բնագավառի բարեփոխումները և դրանց նպատակը։
Հանդիպմանը քննարկվել են միջազգային իրավունքի բնագավառում գիտելիքների խորացման ուղղությամբ հայ ուսանողների և մասնագետների վերապատրաստման համար Դատարանի հետ համագործակցության հնարավորությունները։ Այս համատեքստում Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել համագործակցություն հաստատելու հայաստանյան բուհերի իրավաբանական ֆակուլտետների հետ՝ Դատարանում ուսանողների արտադրական պրակտիկան կազմակերպելու առումով։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախագահությանն ու դրա շրջանակներում առաջ քաշված նախաձեռնությունների շուրջ։