Երկուշաբթի, 27 Մայիսի 2019 10:55
Ասյա Բալայան

Հայաստանի նախագահն ու Չինաստանի արտգործնախարարը քննարկել են տնտեսական համագործակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակում

Հայաստանի նախագահն ու Չինաստանի արտգործնախարարը քննարկել են տնտեսական համագործակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակում

Արմինֆո. Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Իի գլխավորած պատվիրակությանը: Բարի գալուստ մաղթելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ վերջին շրջանում բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվ փոխայցելությունները նպաստում են երկու երկների միջև բարեկամության, փոխվստահության ու հարգանքի վրա հիմնված հարաբերությունների խորացմանը:

«Մեր ժողովուրդների միջև բարեկամությունը չի սկսվել 1992 թվականին երկու երկրների միջև դիվանագիտական և միջպետական հարաբերությունների հաստատման փաստաթղթով, մեր ժողովուրդները դարերի ու հազարամյակների բարեկամական համագործակցության պատմություն ունեն»,-նշել է նախագահ Սարգսյանը՝ ավելացնելով, որ երկու ժողովուրդները հաջողությամբ համագործակցել են դեռ Մետաքսի ճանապարհի ժամանակաշրջանում:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմից, նախարար Վան Ին ընդգծել է, որ մեծ է հայ ժողովրդի ներդրումը մարդկային քաղաքակրթության պատմության մեջ: «Մետաքսի մեծ ճանապարհը դեռևս դարեր առաջ միավորել է մեր երկու ժողովուրդներին: Հայ և չինացի ժողովուրդները միմյանց վերաբերվում են փոխադարձ հարգանքով ու համակրանքով, և մեր երկկողմ հարաբերությունները հաստատուն կերպով զարգանում են»,- նշել է Չինաստանի արտգործնախարարը: Նա նաև նախագահ Սարգսյանին է փոխանցել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի բարեմաղթանքները:

 

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու բարեկամ երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում փոխգործակցության զարգացմանը: Երկուստեք համաձայնել են, որ հայ-չինական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են և ունեն ընդլայնման լավ հեռանկար: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի