Արմինֆո.«Մեր հարաբերությունները շարունակում են ռազմավարական բնույթ կրել Ռուսաստանի Դաշնության հետ, մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, այժմ՝ նախագահող երկիր՚, - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախօրեին Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և կառույցների հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի խոսքով, արտաքին քաղաքական ասպարեզում հաջողվել է կայունություն ապահովել: ՙՄեզ հաջողվեց, ի վերջո, նաև որոշակի լուծումների հասնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, և ես համարում եմ, որ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում մեր հարաբերությունները զարգանում են բնականոն, Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները զարգանում են բնականոն: Մեզ հաջողվեց բնականոն զարգացնել մեր հարաբերությունները նաև Եվրամիության հետ: Մենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ ճանապարհային քարտեզն արդեն վերջնականացնելու փուլում ենք, և, ըստ էության, առաջիկա շաբաթների ընթացքում կվերջնականանա, և մենք այդ ուղղությամբ կաշխատենք: Մեր մյուս գործընկերների հետ նույնպես բնականոն հարաբերություններ ենք հաստատել: Մեզ հաջողվել է պահպանել և զարգացնել լավ մթնոլորտը մեր անմիջական հարևան երկրների՝ Իրանի, Վրաստանի հետ: Մենք շատ լավ աշխատանքային մթնոլորտ ենք հաստատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ: Այս ընթացքում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն է տեղի ունեցել Հայաստանում, որն իսկապես հաջողություն էր և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ մեր կառավարության համար: Այս ընթացքում պաշտոնական այց եմ ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, աշխատանքային այցով եղել եմ Ֆրանսիայում, իհարկե, Բրյուսելում եմ եղել մի քանի առիթներով, Եվրախորհրդում: Կարծում եմ, որ բավական լավ միջավայր և մթնոլորտ է ստեղծվել մեր հետագա հարաբերություւնները զարգացնելու համար Եվրասիա մայրցամաքում: Մենք բնականոն հարաբերություններ ենք զարգացնում նաև Միացյալ Նահանգների հետ: Վերջերս մեկնարկեց Միացյալ Նահանգների հետ ռազմավարական երկխոսությունը, և մենք հույս ունենք և համոզված ենք, որ լավ արդյունքներ կունենանք այդտեղ: Իհարկե, մեր այլ գործընկերների հետ նույնպես շատ ակտիվ հարաբերություններ ենք զարգացնում, շատ ակտիվ աշխատում ենք Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, Հնդկաստանի հետ, եվրոպական մեր գործընկերների հետ և համոզված ենք, որ այս կառուցողական մթնոլորտը հնարավոր կինի պահպանել», - նշել է Նիկոլ Փաշինյանը: