Արմինֆո. ՙՄենք քաղաքական առումով կարողացել ենք մեր երկրում ապահովել կայունություն և բնականոն ժողովրդավարական զարգացումներ, և, ի վերջո, ունեցել ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք միջազգային հանրության կողմից գնահատվել են՝ որպես ազատ, արդար, ժողովրդավարական և թափանցիկ, և դա շատ կարևոր ցուցանիշ է մեզ համար:
Այսպիսի բան մեր երկրում տեղի չէր ունեցել, առնվազն խորհրդարանական ընտրությունների մասով՚, - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախօրեին Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և կառույցների հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, խորհրդարանական ընտրությունների հետ կապված Նիկոլ Փաշինյանը հավելել է. ՙԿարող եմ ասել, որ ես ինքս հույս ունեի, որ խորհրդարանում ներկայացված ուժերի թիվը շատ ավելի մեծ կլիներ, բայց մարդիկ ընտրեցին այնպես, ինչպես ընտրեցին, և կարծում եմ, որ այսօր էլ խորհրդարանում ներկայացված է այն քաղաքական ներկապնակը, որը պետք է ներկայացված լիներ: Եվ մենք միարժեքորեն համարում ենք սա մեր ամենամեծ քաղաքական ձեռքբերումը, որ մեզ հաջողվել է ազատ, արդար և ժողովրդավարական ընտրություն անել: Ես դեռ շատ երկար ժամանակ առաջ մի քանի անգամ ընդգծել եմ իմ ելույթներում, հոդվածներում, երբ դեռ ընդդիմադիր քաղաքական գործիչ էի, որ ընդհանրապես ժողովրդավարական իշխանության ամենամեծ առաքելությունը ոչ միայն ազատ, արդար ընտրություններով իշխանության հասնելն է, այլև ազատ, արդար ընտրություններով իշխանությունից հեռանալը: Եվ այս առումով կարծում եմ, որ մենք որևէ կերպ չենք կարող և չենք շեղվի այս տեսլականից, որովհետև նախկինում էլ բազմիցս դա համարել եմ անձամբ իմ ամենամեծ քաղաքական առաքելությունը: Թե ինչքան դա կտևի, արդեն քաղաքական գործընթացների և ժողովրդի որոշելիքն է»: