Արմինֆո.«Առաջին խնդիրը, որ ունեցել ենք տնտեսական առումով, մակրոտնտեսական կայունության պահպանումն է: Եվ ոչ առանց դժվարությունների մենք այս խնդիրը կարողացանք լուծել, որովհետև նախորդ տարվա սեպտեմբերին, այսինքն՝ հեղափոխությունից ընդամենը 3 ամիս անց, մենք ռեցեսիոն շեմին մոտեցանք, և տնտեսական իրավիճակը կարող էր լարվել:
Բայց մեզ հաջողվեց հաղթահարել այդ նեգատիվ միտումները, և այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով մենք ունենք 7.1 տոկոս համախառն ներքին արդյունքի աճ՚, - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախօրեին Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և կառույցների հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ:
ՙՊետք է ասեմ, որ թեև այս աճի ծավալը մեզ գոհացնում է, բայց մենք հասկանում ենք, որ տնտեսական հեղափոխության վիճակագրությունը մի փոքր ավելին է: Առնվազն մենք պետք է փորձենք, կարողանանք 2-3 տոկոսով ավելացնել մեր տնտեսական աճի տեմպը:
Տնտեսության մեջ հետաքրքիր միտումներից կարող եմ առանձնացնել ստվերային տնտեսության կրճատումը: Ըստ էության, նախորդ մեկ տարվա ընթացքում Հայաստանում հայտնվել է 51 հազար նոր աշխատատեղ: Դրանք այն աշխատատեղերն են, որոնք գործատուներն իրենք են հայտարարագրել հարկային մարմիններում, այսինքն՝ սրանք ոչ թե վերլուծության արդյունք են, ինչպես հաճախ մեր քաղաքական մրցակիցները փորձ են անում ներկայացնել, այլ կոնկրետ գործատուների, բիզնեսի կողմից հայտարարագրված ցուցանիշներ, որոնք նրանք ներկայացրել են հարկային մարմիններին, որը նրանց համար առաջացրել է հարկային պարտավորություններ: Եվ մեր գնահատականն այն է, որ այս 51 հազար աշխատատեղերի 1/5-րդը նոր ստեղծված աշխատատեղերն են նախորդ տարվա ընթացքում: Դա ստացվում է մոտավորապես 10 հազար աշխատատեղ, ինչը, կարծում եմ, վատ ցուցանիշ չէ:
Հաջորդ ցուցանիշը, որի մասին ես կուզենայի նշել, պետական բյուջեի եկամտային մասի գերակատարումն է: Մենք արդեն հայտարարել ենք, որ այս տարվա պետական բյուջեն 62 մլրդ դրամով առնվազն գերակատարելու ենք: Դա մոտավորապես 130 մլն դոլար է: Եվ այստեղ էլ, երբ ես առաջին անգամ այս մասին հայտարարեցի, ասվում էր, որ դեռ տարին կավարտվի, կտեսնենք՝ իրականություն կդառնա՞, թե՞ ոչ: Բայց ես ուզում եմ ասել, որ մենք իրականում մի փոքր խորամանկություն ենք արել և գործնականում արդեն ունենք այդ թիվը: Եվ կասկած չկա, որ մինչև տարեվերջ պետական բյուջեի գերակատարման ծավալները կլինեն շատ ավելի մեծ:
Հաջորդ ցուցանիշը, որ կուզենայի նշել, առևտրի ոլորտին է վերաբերում: Անցած տարվա մայիսից մինչև այս տարվա մայիս մեր երկրում 84 մլն ՀԴՄ ավելի է տպվել, քան նախորդ տարի, ինչը նշանակում է, որ այսքան ավելի գործարք տեղի է ունեցել և տեղի է ունեցել ոչ ստվերում, ինչն ապահովել է մեր հավելյալ բյուջետային եկամուտների մի զգալի մասը:
Ամենամեծ մարտահրավերը, որ այսօր ունենք տնտեսությունում, իհարկե, օտարերկրյա ներդրումներն են: Մենք ամեն ինչ անում ենք՝ մեր երկիրն օտարերկրյա ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու համար: Բայց կա նաև համոզմունք և գիտակցում, որ առանց իրապես անկախ դատական համակարգի մենք այս խնդիրը լիարժեք չենք լուծի, որովհետև ցանկացած ներդրող ուզում է իր ներդրումների, ձեռք բերած սեփականության անվտանգություն, իսկ այդպիսի երաշխիք կարող է լինել միայն իրապես անկախ դատական համակարգը, որը հիմնվում է օրենքների վրա, և սուբյեկտիվ մոտեցումները բացառվում են», - ասել է կառավարության ղեկավարը: