Արմինֆո. Այսօրվա նիստում կառավարությունը հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերը շահագրգիռ են տարբեր ոլորտներում համագործակցությունը շարունակ խորացնելու հարցում, այդ թվում՝ միջանձնային շփումների և զբոսաշրջության խթանման միջոցով: Հայաստանը և Չինաստանը հաջողությամբ համագործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Համաձայնագրով՝ յուրաքանչյուր կողմի պետության վավեր անձնագրեր կրող քաղաքացիները մյուս կողմի պետության տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու ամսաթվից՝ մինչև 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում: Այն կնպաստի առևտրական, գործարար կապերի, զբոսաշրջության զարգացմանը և այս բնագավառներում գոյություն ունեցող ներուժի իրագործմանը: Համաձայնագիրը կնպաստի նաև երկկողմ քաղաքական հարաբերությունների և փոխվստահության ամրապնդմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ընդունված որոշմանը, նշել է. «Համաձայնագիրը Չինաստան այցի պայմանավորվածության արդյունքն է: Հույս ունենք, որ սա իսկապես կակտիվանցի երկկողմ հարաբերությունները, և ՀՀ քաղաքացիները կարող են անխոչընդոտ մեկնել ՉԺՀ: Խորհրդակցություն ենք արել այցի արդյունքներին նվիրված, հիմա պետք է կայացնենք որոշումներ, որպեսզի այցի ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ կարողանանք կոնկրետ որոշումներ կայացնել: Հայաստանի Հանրապետությունը հետարաքրված է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրով և ՉԺՀ-ն նույնպես հետաքրքրված է, որ Հայաստանի Հանրապետությունը հնարվորինս ինտենսիվ մասնակցի այդ ծրագրին: Սրա վերաբերյալ ունենք կոնկրետ պայմանավորվածություններ, հիմա ժամանակն է այդ պայմանավորվածությունների մասին որոշումներ կայացնել»: