Արմինֆո. Անցումային արդարադատությունն օգնում է հասարակությանը երկրում օրինական իշխանություն հաստատելուց կամ պատերազմի ավարտից հետո անդրադառնալ անցյալում տեղի ունեցած հանցագործություններին:
ՙԱմերիկայի ձայնին՚ այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգներում գործող Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ծրագրերի տնօրեն Աննա Միրիամ Ռոքաթելլոն, հավելելվ. ՙՀայաստանի համատեքստում մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ երկիրը ցանկանում է ամրապնդել ժողովրդավարության հիմունքները եւ բարեփոխել պետական համակարգը»:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ուշ չէ Հայաստանում «Թավշյա հեղափոխությունից» մեկ տարի անց խոսել «անցումային արդարադատության» մասին, Ռոքաթելլոն նշել է, որ անցումային արդարադատությունը երկարատեւ գործընթաց է, որը տարիների աշխատանք է պահանջում, քանզի խոսքը վերաբերում է ոչ միայն պետական հաստատության բարեփոխմանը, այլեւ ամբողջ երկրի հեռանկարի փոփոխմանը, որի նպատակն է արտացոլել հասարակության ապրելու պահանջը մի մթնոլորտում, որտեղ մարդու իրավունքները հարգված են: «Չեմ կարծում, որ Հայաստանն այս առումով ուշացել է: Ընդհակառակը, կարծում եմ վաղաժամ կլիներ ակնկալել դա Հայաստանի վարչապետից իշխանափոխությունից անմիջապես հետո: Նրան անհրաժեշտ էր նախ համախմբել կառավարությունը, աջակցություն ապահովել խորհրդարանում: Նույնիսկ այսօր այս խնդրի իրականացումը լուրջ աշխատանք է պահանջում, տարիների աշխատանք», - ասել է նա:
Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ավագ փորձագետ Ռուբեն Կառռանզան, ով այս գիշեր Հայաստան է ուղեւորվում՝ օգնելու մշակել «անցումային արդարադատության» ծրագիրը, իր հերթին, նշել է, թե որպեսզի նախկին իշխանությունների նկատմամբ իրականացվող արդարադատությունը չընկալվի որպես քաղաքական վենդետտա, Հայաստանին անհրաժեշտ է մշակել չափանիշներ, որոնք կիրառվելու են բոլորի նկատմամբ: «Ես հասկանում եմ վարչապետ Փաշինյանի երկընտրանքը՝ անհնար է «անցումային արդարադատություն» իրականացնել առանց դիմադրության նրանց կողմից, ովքեր նախկին հանցանքների համար պատասխանատու կճանաչվեն: Նրանք դիմադրելու են, նրանք օգտագործելու են հափշտակված փողերը դիմադրելու համար, նրանք օգտագործելու են իրենց ազդեցության տակ մնացած հաստատությունները՝ մեղադրողների եւ քննիչների դեմ պայքարելու համար: Հայաստանի դեպքում կարող է բարձրանալ «պետությունը զավթելու» մասին խնդիրը, այսինքն, այն, որ նախկին իշխանավորները զավթել էին պետությունը: Սա եզակի դեպք չէ եւ տեղի է ունեցել նաեւ այլ երկրներում, որոնց նոր իշխանությունների հետ մենք նույնպես աշխատում ենք», - նշել է նա:
Հիշեցնենք, որ մայիսի 21-ին լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է ներդնել անցումային արդարադատության համակարգ։ Նախարարը նշել է, որ անցումային արդարադատությունը չի դառնա վենդետայի կամ հետապնդման գործիք, այն կոչված կլինի հաշտեցնելու հասարակությանը: