Արմինֆո. ՙԸնդհանրապես, ռազմական ծախսերը մեր բյուջեի վրա բավականին ծանրակշիռ տեղ ունեն: Լիովին համաձայն եմ այն դիտարկման հետ, թե մենք պետք է այնպես անենք, որ այդ ծախսերը ոչ թե բեռ լինեն, այլ հնարավորություն՝ տնտեսության զարգացման համար՚, - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ԳԱԱ-ում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովում՝ անդրադառնալով ռազմարդյունաբերության թեմային:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետն ընդգծել է, որ հենց այդ նկատառումով է Հայաստանում ստեղծվում Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, որի խնդիրը պետք է լինի հենց այդպիսին: ՙՄենք պետք է փորձենք մեր ունեցած հենքի վրա, էական չէ հենքն ինչպիսին է, կառուցել ահա այդպիսի կառուցվածք, որտեղ կկարողանանք իսկապես մեր զինված ուժերին ժամանակակից չափանիշներին համապատասխանող արտադրանք առաջարկել, բայց նաև մեր նպատակակետը, ինչպես ընդհանուր տնտեսության համար, պետք է լինի արտահանումը, ինչը շատ կարևոր ուղղություն է: Ընդհանուր առմամբ, լավ լուրն այն է, որ 21-րդ դարում տնտեսության առաջատար շարժիչ ուժը դարձել են տեխնոլոգիաները: Ինչո՞ւ է սա մեզ համար լավ լուր, որովհետև տեխնոլոգիաներն այն միջոցն են, որոնք կարող են օգնել մեզ հաղթահարել մեր տրանսպորտային և այլ բազմաթիվ սահմանափակումներ՚, - հայտարարել է Հայաստանի վարչապետը:
Նշենք, որ գիտաժողովի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության ՊԱՀՀ հետազոտող-վերլուծաբան, տ.գ.թ., դոցենտ Գայանե Հարությունյանը կոչ է արել վերանայել ՙԱզգ-բանակ՚ հայեցակարգը: Այսպես, Հարությունյանի խոսքով, պաշտպանական ծախսերը կարող են դրական ազդեցություն ունենալ տնտեսական ցուցանիշների վրա, եթե դրանք վերադառնան երկրի տնտեսություն։ Դրսից սպառազինություն գնելիս, ինչպես նշել է փորձագետը, այդ միջոցները որոշակիորեն կկորսվեն տնտեսության համար։ Նրա կարծիքով, ՙԱզգ-բանակ՚ հայեցակարգը կարելի է վերանայել ՙԱզգ-տնտեսություն-անվտանգություն՚ նոր ձևաչափում։ Նա ընդգծել է, որ նոր հայեցակարգի շրջանակում կխթանվի հայրենական ռազմարդյունաբերական համալիրը։ Այդպիսով, ինչպես պարզաբանել Է Հարությունյանը, երկրի բնակչությունը կներգրավվի բանակաշինության մեջ տնտեսության միջոցով։