Արմինֆո. Եվրամիությունը զեկույց է հրապարակել Հայաստանում տեղի ունեցող զարգացումների և 2018 թվականի հունիսից 2019-ի մայիս ժամանակահատվածում ԵՄ-ՀՀ հարաբերությունների մասին: Կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, զեկույցը կներկայացվի ԵՄ-ՀՀ գործընկերության խորհրդի հունիսի 13-ի նիստի նախաշեմին:
Զեկույցում նշվում է, որ Հայաստանն աշխուժացրել է Եվրամիության հետ գործընկերության ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված ջանքերը, հետևողականորեն ճանաչել է Եվրամիության կարևոր դերը երկրի բարեփոխման օրակարգի սահուն իրականացման գործում: ՙԱյդուհանդերձ, բարեփոխումների գործընթացն իր վաղ փուլում է մնում: Հայաստանի կառավարության կողմից ներկայացված՝ ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը կարևոր գործիք է բարեփոխման ծրագրերի առաջխաղացման համար՚, - ասվում է զեկույցում:
«Եվրամիությունը եղել է և կշարունակի մնալ ՀՀ կառավարության ստանձնած հավակնոտ բարեփոխումների ծրագրի ամենամեծ աջակիցը, որը միտված է ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանն ու երկրում մարդու իրավունքների խթանմանը: Հայաստանը կարևոր գործընկեր է Եվրամիության համար, և մենք կենտրոնացած ենք մեր լայնածածկույթ երկկողմ համաձայնագրի իրականացման, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում կոնկրետ արդյունքների ապահովման վրա: Մշտապես կայուն համոզմունք ունենք, որ մեր նպատակները շոշափելի օգուտներ են բերում մեր քաղաքացիներին», - հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հանձնակատար Յոհաննես Հանըմ, իր հերթին, հավաստիացրել է, որ ԵՄ-ն և Հայաստանը ամուր գործընկերներ են: ՙԵվ մենք պատրաստ ենք աջակցել կոնկրետ բարեփոխումների իրականացմանը՝ մարդկանց համար էական, այդ թվում՝ արդարադատության և կրթության ոլորտներում: Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արագ իրականացումն առաջարկում է նոր տնտեսական հնարավորություններ Հայաստանի բոլոր քաղաքացիների համար», - ասել է նա
Զեկույցում նաև ասվում է, որ անցյալ տարի Հայաստանում տեղի են ունեցել քաղաքական փոփոխություններ, 2018 թվականի դեկտեմբերին անցկացվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եվրամիությունը հանդիսացել է միակ խոշոր ներդրողը, տրամադրելով սարքավորումներ և աջակցելով ժողովրդավարությանը և ակտիվ քաղաքացիական մասնակցությանը միտված գործողություններին:
ՙՄիաժամանակ Կառավարությունը կարևորել է դատական համակարգի անկախության, հաշվետվողականության և արդյունավետության անհրաժեշտությունը: 2018 թվականի սեպտեմբերին Եվրամիությունն ու Հայաստանը մեկնարկել են արդարադատության ոլորտի ԵՄ-Հայաստան ռազմավարական երկխոսություն: Եվրամիությունը պատրաստ է աջակցել այս առանցքային ոլորտի բարեփոխմանը», - նշված զեկույցում:
Փաստաթղթում նշված է նաև, որ նախորդ տարվա ընթացքում Եվրամիության և Հայաստանի միջև առևտրի ընդհանուր ծավալն ավելացել է 15 տոկոսով՝ հասնելով ընդհանուր 1.1 միլիարդ եվրոյի: «Հայաստանն օգտվում է Եվրամիության Արտոնությունների ընդհանրացված համակարգ պլյուսի հնարավորություններից, որը կայուն զարգացման և լավ կառավարման ապահովման համար նախատեսված հատուկ նախաձեռնություն է: 2017 թվականի ընթացքում Հայաստանից՝ Արտոնությունների ընդհանրացված համակարգ պլյուսի պահանջներին համապատասխանող ապրանքների ավելի քան 96 տոկոսի մուտքը Եվրամիություն կատարվել է զրո տոկոս տուրքով: Տրանս-եվրոպական տրանսպորտի (TEN-T) հիմնական ցանցի դեպի Հայաստան ընդլայնումն ավարտին է հասցվել 2018 թվականի նոյեմբերին: 2019 թվականի հունվարին հրապարակվել է Տրանս-եվրոպական տրանսպորտային ցանցի ներդրումային ծրագիրը՝ ընդգրկելով որպես գերակայություն նաև ավտոճանապարհային անվտանգությունը», - ասված է զեկույցում:
Եվրամիությունը նշում է նաև, որ կրթության ոլորտի բարեփոխումների աջակցության նպատակով 2019 թվականի մարտին մեկնարկ է տրվել կրթության ոլորտում ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությանը:
Փաստաթղթում նաև ասվում է, որ Եվամիությունը Հայաստանի ֆինանսական օժանդակության խոշորագույն մատակարարն ու բարեփոխման առանցքային գործընկերն է: ԵՄ-ն պատրաստ է շարունակել ներգրավվածությունը Հայաստանում և ցուցաբերել աջակցություն քաղաքական երկխոսության, ֆինանսական և տեխնիկական օժանդակության միջոցով և աջակցել ՀՀ կառավարության հավակնոտ բարեփոխումներին՝ ի բարօրություն ՀՀ քաղաքացիների և ի նպաստ ԵՄ-Հայաստան համագործակցությանը», - ասվում է ԵՄ կայքում հրապարակված հաղորդագրությունում: