Արմինֆո. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը հրաժարական է տվել: Այս մասին տեղեկությունն Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթևիկ Խաչատրյանը: ՙՓայլակ Յայլոյանը մետրոպոլիտենում աշխատել է 28 տարի, վերջին 4 տարիներին, նույնիսկ, արձակուրդում չի եղել։
Դա իր անձնական որոշումն էր։ Կենսաթոշակային տարիքին հասնելուց հետո, իր դիմումի համաձայն, նա գնում է վաստակած հանգստի՚, - պարզաբանել է Խաչատրյանը։
Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էր ՙԺամանակ՚ օրաթերթը, Երեւանի մետրոպոլիտենում չարաշահումների փաստի առնչությամբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործը մտել է ակտիվ հետաքննության փուլ։ Այս օրերին ԱԱԾ-ում հարցաքննության են կանչում մետրոպոլիտենի աշխատակիցների՝ վկաների դերում։ ՙԺամանակի՚ տեղեկություններով ՝ մետրոպոլիտենի հատկապես պատասխանատու աշխատակիցները, ովքեր տիրապետում են բավարար տեղեկատվության, կաշկանդված են իրենց գործողություններում, քանի որ Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը բոլոր աշխատակիցներին ստիպում է ԱԱԾ գնալ միայն իր փաստաբանի հետ և նախազգուշացնում է՝ բերանը պահել: