Արմինֆո.Մայիսի 5-ին Կատարում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիին (Tamim ben Hamad Al Thani)։
Ողջունելով ՀՀ դեսպանին՝ Կատարի էմիրն իր գոհունակությունն է հայտնել Դոհայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հիմնման կապակցությամբ՝ վստահեցնելով, որ առաջիկայում իրենք նույնպես կանդրադառնան Երևանում Կատարի դեսպանության հիմնադրման խնդրին։ Շնորհավորելով դեսպան Ղարիբջանյանին և հաջողություն մաղթելով նրան արդեն որպես ռեզիդենտ դեսպանի՝ էմիր Ալ Թանին հույս է հայտնել, որ Կատարի և Հայաստանի միջև հարաբերությունները կզարգանան և առաջընթաց կգրանցեն։
Դեսպան Ղարիբջանյանը շնորհակալություն է հայտնել էմիրին և վստահեցրել, որ կշարունակի ներդնել իր առավելագույն ջանքերը ՀՀ-Կատար երկկողմ հարաբերությունների առավել խորացման և համագործակցության օրակարգի ընդլայնման ուղղությամբ:
ՀՀ դեսպանը Կատարի էմիրին է փոխանցել ՀՀ նախագահի ջերմ ողջույնները՝ մաղթելով Կատարի ժողովրդին հետագա առաջընթաց և բարեկեցություն։ Իր հերթին էմիր Թամիմ Ալ Թանին խնդրել է իր ջերմ ողջույնները հաղորդել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ ընդգծելով իրենց անձնական և գործնական սերտ հարաբերությունները։
Նախորդ օրը՝ մայիսի 4-ին, Կատարի Պետությունում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել արտաքին գործերի պետնախարար Սուլտան բին Սաադ Ալ-Մուրեյխիին (Sultan Bin Saad Al-Muraikh)։
Պետնախարարը հաջողություն է մաղթել դեսպանին իր առաքելության կատարման ընթացքում և լիակատար աջակցություն հայտնեց երկու բարեկամ երկրների միջև բոլոր ոլորտներում սերտ համագործակցության և երկկողմ հարաբերությունների խթանման գործում։