Արմինֆո. Ճանապարհային ոստիկանության ողջ գույքը պատկանում է պետությանը։ Այդ մասին ապրիլի 30-ին հայտարարել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը, պատասխանելով այն հարցին, թե ում է պատկանում երկրի ճանապարհներին տեսախցիկների բիզնեսը։
Նրա ասելով, բիզնես, որպես այդպիսին, չկա, և ողջ գույքը, այդ թվում՝ ճանապարհային ոստիկանության արագաչափերը պատկանում են պետությանը։ ՙՍակայն դրանք տրվել են ՙՍեքյուրիթի Դրիմ՚ ընկերության կառավարմանը՚, - հայտարարել է Արման Չիլինգարյանը, դժվարանալով ասել, թե ով է այժմ գլխավորում այն, և խորհուրդ է տվել դիմել անմիջապես ընկերությանը ՝ այդ տեղեկությունը ճշտելու համար։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, իր հերթին, հավաստիացրել է, որ Ճանապարհային ոստիկանությունն ինքնուրույն պայմանագիր չի կնքել վերոնշյալ ընկերության հետ, համաձայնագիրը կնքվել է պետության հետ: ՙԱյդ մասին մանրամասն տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կայքում։ Կարող եք մտնել եւ ծանոթանալ դրան՚, - նշել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՙՍեքյուրիթի Դրիմ՚ ընկերության գործունեությունը կապում էին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի անվան հետ։ 2018 թվականի հունիսին ՀՀ ոստիկանությունը ավելի քան 2 մլն դոլար յուրացնելու կասկածանքով խուզարկություն էր իրականացրել ՙՍեքյուրիթի Դրիմ՚ եւ ՙԷլիպս՚ ընկերություններում:
ՙՍեքյուրիթի դրիմը՚ զբաղվում է ճանապարհային երթևեկության խախտումների արձանագրմամբ՝ տեսախցիկների և արագաչափերի միջոցով։ ՙԷլիպսի՚ սեփականատերերն են Գուրգեն եւ Ալեքսան Զաքարյանները, որոնց պատկանում է նաև ՙՍեքյուրիթի դրիմ՚ ընկերության բաժնետոմսերի 50%-ը: Ուշագրավ է, որ ՙՍեքյուրիթի դրիմ՚ ընկերությունը արձանագրում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները, իսկ ՙէլիպսը՚ որոշում է կայացնում՝ խախտում եղել է, թե՝ ոչ։