Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ելույթ ունենալով MCIS-2019 միջազգային անվտանգության 8-րդ մոսկովյան խորհրդաժողովում, պատմել Է Սիրիայում խաղաղապահ գործողությանը հայկական զորակազմի մասնակցության մասին:
Նրա խոսքով, արդեն ավելի քան քսան տարի անկայուն իրավիճակում, երբ <պատերազմ> և <խաղաղություն> հասկացությունները շատ խախուտ են, Հայաստանը պաշտպանական ներուժի հետեւողական զարգացման հետ մեկտեղ զարգացնում է խաղաղության եւ միջազգային անվտանգության պահպանման հնարավորությունները:
<Հայաստանը, գործնականում իմանալով անվտանգության եւ կայունության գինը, վերջին 15 տարիների ընթացքում ծանրակշիռ փորձ է կուտակել խաղաղապահության ոլորտում: Ներկայումս հայկական խաղաղապահ ուժերը ներկայացված են չորս միջազգային առաքելություններում, այդ թվում ՝ Սիրիայում>, - նշել է Տոնոյանը:
Նախարարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Սիրիայում խաղաղապահ գործողություն անցկացնելու մասին որոշումն ընդունվել է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ընդունող կողմի՝ Սիրիայի կառավարության պաշտոնական դիմումից և Հալեպ քաղաքի հայ համայնքի, ինչպես նաև տեղի կրոնական առաջնորդների խնդրանքներից հետո ՝ ՌԴ Պաշտպանության նախարարության աջակցությամբ:
Նրա խոսքով, հայկական առաքելության կազմում ընդգրկված են բժշկական անձնակազմը, ինչպես նաեւ ականազերծման մասնագետներ: <Հայաստանի Հանրապետությունը մտադիր է այսուհետ ևս իր ներդրումն ունենալ տարբեր ձևաչափերով ՄԱԿ-ի կողմից արտոնված խաղաղապահ նախաձեռնություններում, որոնք իրականացվում են աշխարհագրական, կլիմայական, գործառնական տարբեր միջավայրերում: Մենք պատրաստ ենք դրա համար գործի դնել մեր ունեցած ողջ ներուժը, առաջին հերթին՝ դաշտային հոսպիտալ և ինքնաշեն պայթուցիկ սարքերի դեմ պայքարի մասնագետներ>, - ընդգծել է ՀՀ պաշտպանության նախարարը:
Տոնոյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը կողմ է միջազգային իրավունքի և ազատ ընտրության իրավունքի նորմերի համարժեք կիրառմանը ։ Նա հավելել է, որ միջազգային անվտանգության ողջամիտ ճարտարապետությունը հիմնված է ուժի քաղաքականության կիրառումից և մաքսիմալիստական մոտեցումներից, ատելության հռետորաբանությունից և ռազմատենչ հայտարարություններից հրաժարվելու վրա: <Պետությունները պետք է համատեղեն իրենց հզորությունը բարոյական սկզբունքների հետ, իսկ հավատն իրենց իրավացիության հանդեպ ՝ զսպեն խոհեմությամբ>, - հայտարարել Դավիթ Տոնոյանը ՝ ավարտելով ելույթը: