Արմինֆո. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել ՙԼևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի՚ գործով։
ՄԻԵԴ-ը մերժել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի չորս պահանջներից առավել առաջնահերթը, մասնավորապես, իրավաչափ է համարել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ նրա տնից հեռանալու սահմանափակումը։ Հայցվորի պնդմամբ՝ դա անձի ազատության և ազատ տեղաշարժի իրավունքների խախտում է եղել: Եվրոպական դատարանը չի համաձայնել դիմողի փաստարկներին և այդ մասով բողոքը համարել է չհիմնավորված և անընդունելի։
Ինչ վերաբերում է մյուս երեք պահանջներին, ապա 2008 թվականի մարտյան իրադարձությունների ժամանակ ակցիաների դադարեցման գործընթացում խտրականության դրսևորման մասին պնդումը մնացել է առանց քննարկման:
Մյուս երկու պահանջներին դատարանը դրական է արձագանքել։ Մասնավորապես, ՄԻԵԴ-ը ընդունել է, որ տեղի է ունեցել հավաքների ազատության իրավունքի խախտում ՝ կապված մարտի 1-ին Ազատության հրապարակում հանրահավաքի դադարեցման հետ։ Եվ երկրորդ՝ ՄԻԵԴ-ը իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտում է համարել հավաքի դադարեցման իրավաչափությունը վիճարկելու հնարավորության բացակայությունը։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ