Արմինֆո. Արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքներն ամբողջությամբ ֆինանսավորվելու են երկրի պետական բյուջեից: Այդ մասին որոշում է կայացվել ապրիլի 25-ին կառավարության նիստում։
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքով, մինչև վերջերս արտերկրում ՀՀ ներկայացուցչությունների ղեկավարներ են նշանակվել Արտաքին գործերի նախարարության հետ որևէ առնչություն չունեցող անձինք։ Այդ անձինք չեն ֆինանսավորվել պետբյուջեից, չեն վարձակալել բնակելի տարածքներ պետության հաշվին, և դրանով իսկ այդ ծախսերը չեն ներառվել արտաքին քաղաքական գերատեսչության բյուջեում։ Այժմ առաջարկվում է կիրառել սկզբունքորեն նոր մոտեցում, ըստ որի, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ կնշանակվեն ՀՀ ԱԳՆ կառույցի աշխատակիցները։ ՙԴրանով իսկ մենք մտադիր ենք աշխատանքներ տանել պետական գործունեության պետականացման ուղղությամբ՚, - ընդգծել է Զոհրաբ Մնացականյանը, հավելելով, որ առաջադրված խնդրի իրականացմանը երկրի պետբյուջեից կհատկացվի լրացուցիչ շուրջ 350 մլն դրամ կամ մոտ 745 հազար դոլար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, նշել է, որ Հայաստանի որոշ դիվանագիտական ներկայացուցչություններ կարելի էր որակել որպես ՙսեփական դեսպանատներ՚: ՙԴրանց գույքն էլ եղել է ոչ թե պետությանը, այլ մասնավոր անձինը, որը, այնուամենայնիվ, հանդես է եկել պետության անունից՚, - փաստել է կառավարության ղեկավարը:
Նշենք, որ ավելի վաղ, որպես կանոն, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ են նշանակվել ՙբիզնեսի՚ մարդիկ, որոնք իրենց ծառայողական գործունեության մեջ օգտագործել են այդ բիզնեսից ստացված եկամուտները՝ դրանով իսկ ստանալով որոշակի պետական արտոնություններ: