Արմինֆո. Պաշտոնական Անկարան արձագանքել է ապրիլի 24-ի առթիվ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենամյա ուղերձին։
ՙՄենք մերժում ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 2019 թվականի ապրիլի 24-ի հայտարարությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ։ Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունը, որը հիմնված է հայերի սուբյեկտիվ պնդումների վրա, ոչ մի նշանակություն չունի Թուրքիայի համար։ Պատմական իրադարձությունները ներքաղաքական նպատակներով խեղաթյուրելու փորձերն անթույլատրելի են։ Արդարության կոչ ենք անում Թրամփին՚, - ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Միեւնույն ժամանակ, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում անհիմն կերպով պնդում են, թե, իբր, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ՙհայերը սպանել են ավելի քան 500 հազար մահմեդականների՚ եւ այդ առնչությամբ Թրամփին կոչ են արել արդար լինել այդ հարցում:
"Թուրքիան ընդգծում է 104-ամյա վաղեմության իրադարձությունների վերաբերյալ համատեղ պատմական հանձնաժողով ձևավորելու պատրաստակամությունը։ Ընդ որում, 1915 թվականի իրադարձությունների համար պատասխանատվությունից խուսափող արմատական հայերը չեն աջակցում այդ նախաձեռնությանը՚, - ընդգծել են Թուրքիայի ԱԳՆ-ում, միաժամանակ վստահեցնելով, որ Անկարան հարգում է Օսմանյան պետության գոյության վերջին տարիներին զոհված մահմեդականների, քրիստոնյաների, հրեաների եւ բոլոր բնակիչների հիշատակը:
Նշենք, որ նախօրեին Թրամփը հանդես է եկել ապրիլի 24-ի կապակցությամբ ամենամյա ուղերձով, և ինչպես նախորդ տարիներին, ձեռնպահ է մնացել ցեղասպանություն եզրույթն օգտագործելուց 1915 թվականի իրադարձությունները՝ բնութագրելիս, փոխարենը՝ օգտագործելով Մեծ եղեռն արտահայտությունը։ ՙՕսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին՝ 1915-ից, մեկուկես միլիոն հայեր աքսորվեցին, սպանվեցին և մահացան բռնի տեղահանության ճանապարհին։ Հիշատակի այս օրվա կապակցությամբ ես կրկին միանում եմ ԱՄՆ հայ համայնքին և աշխարհասփյուռ հայությանը՝ սգալով բազմաթիվ անմեղ զոհերի հիշատակը: Մենք նաեւ հարգանքի տուրք ենք մատուցում եւ ճանաչում ենք նրանց արիությունը, ովքեր փորձել են վերջ տալ բռնությանը եւ նրանց, ովքեր ջանքեր են գործադրել, որպեսզի նման դաժանությունն այլեւս չկրկնվի՚, - ընդգծել Է Թրամփը: